Միջառարկայական մագիստրոսական ծրագիր՝ տեխնո ոլորտի ապագա առաջնորդների համար

19.05.2022 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /
Երեւանում ներկայացվել է Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի (SIT) եւ Բրեմենի Յակոբսի համալսարանի (JUB) համատեղ առաջարկվող հարստացված մագիստրոսական ծրագիրը:

SIT-ի միջոցառումների բաժնի ղեկավար Բոյանա Միլոշեւիչն ասել է, որ
համակարգչային գիտության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագիրը (MSc CSSE) ուսանելու երկու վայր է առաջարկում՝ Շաֆհաուզենը Շվեյցարիայում եւ Բրեմենը Գերմանիայում: Այն տրամադրում է ժամանակակից գիտելիքներ քվանտային հաշվարկների, խելացի ինքնավար համակարգերի, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտներում:

«Ծրագիրը միջառարկայական է: Օրինակ՝ եթե դուք հետաքրքրված եք տեխնոլոգիական ոլորտով, ուզում եք սովորել ծրագրային ապահովում եւ ինչ-որ պահից դառնալ առաջնորդ, մենք սովորեցնում ենք, թե ինչպես ձեռքբերել առաջնորդական հմտություններ հենց տեխնոլոգիական ոլորտի պահանջներին համապատասխան՝ ղեկավարելու տեխնոլոգիական թիմ», - ասել է Բոյանա Միլոշեւիչը:

SIT-ի մեծ համայնքը ներառում է մի շարք գիտնական և հետազոտական կենտրոններ ու համալսարաններ, ինչպես նաև բիզնես կազմակերպություններ: Ուսանողներն այդ ընկերություններում ունեն պրակտիկայի, իսկ ավարտելուց հետո նաեւ աշխատանքի անցնելու հնարավորություն:

Բոյանա Միլոշեւիչը

 
Ուսանողներն իրենց տեխնիկական, կառավարման եւ առաջնորդության գիտելիքները գործնականում կիրառելու եւ հմտությունները զարգացնելու հնարավորություն ունեն նաեւ իրական արդյունաբերական նախագծի վրա աշխատելու միջոցով:

«Սովորաբար մեր ուսանողների 100%-ն աշխատանք է գտնում ավարտելուց ամիսներ անց: Նրանք հիմնականում դառնում են ծրագրային ապահովման մասնագետներ Google-ում, Amazon-ում, Microsoft-ում, Facebook-ում, խորհրդատու փորձագետներ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են McKinsey-ն, Deloitte-ը եւ Accenture-ը, ինչպես նաեւ դառնում են հիմնադիր կամ գլխավոր տնօրեն ձեռնարկատիրական ընկերություններում», - նշել է Բոյանա Միլոշեւիչը:



Համակարգչային գիտության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագրում ուսանելու արժեքը ինչպես Գերմանիայի, այնպես էլ Շվեյցարիայի կամպուսում կազմում է տարեկան 20 000 եվրո: Ուսանողներն ունեն վարձավճարի ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն: Կրթաթոշակի չափը տատանվում է 4 000-12 000 եվրոյի սահմաններում: Այս կրթաթոշակների համար դիտարկվում են բոլոր հայտատուները՝ հիմնված իրենց միջին ակադեմիական գնահատականի վրա (GPA):

Ծրագրին առնչվող ճանապարհորդական ծախսերը հոգում են SIT-ն եւ JUB-ը:

Մագիստրոսական ծրագիրը հասանելի է բակալավրիատի այն ուսանողների համար, որոնք լավ գիտելիքներ ունեն համակարգչային գիտություն առարկայից: Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 1-ն է, իսկ վիզայի կարիք չունեցողների համար՝ հուլիսի 15-ը: Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալ եւ դիմել կարող եք հետեւյալ հղումով:
Դիտում՝ 2388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW