Ռուսաստանյան բանկերը կտրուկ ավելացրել են իրենց գովազդային տեղաբաշխումները, «Կոմերսանտ»-ին ասել է OMD OM Group-ի մեդիա հետազոտությունների խմբի ղեկավար Եվգենի Միխայլովը։Նրա խոսքով՝ մարտ-ապրիլ ամիսներին «Ֆինանսական ծառայություններ» անվանակարգում գովազդային տեղաբաշխման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24%-ով։ «Այսպիսով, այս անվանակարգը երրորդ տեղից տեղափոխվել է երկրորդ՝ զիջելով միայն «Ռիթեյլ»-ին, որը համեմատաբար փոքր անկում է գրանցել՝ 5%-ի սահմանում»,- ասել է նա։Ընկերության հաշվարկներով՝ ավանդների գովազդի ծավալը աճ է գրանցել։ Նախորդ տարվա համեմատ գովազդային վարկանիշը (այսինքն՝ տեղադրված գովազդի ծավալը) աճել է 12 անգամ։ «Աճը ապահովվել է 2011 թվականից ի վեր անվանակարգի ռեկորդային ակտիվությամբ»,- ասել է Եվգենի Միխայլովը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ավանդների տոկոսադրույքները բարձրացան մինչեւ 20% եւ ավել, սակայն ապրիլի վերջին դրանք նկատելիորեն նվազեցին: Արդյունքում՝ ապրիլին ավանդների գովազդի նվազման միտում է գրանցվել, նշել է Միխայլովը։Հակառակ իրավիճակ է ստեղծվել վարկային քարտերի եւ սպառողական վարկավորման գովազդի ոլորտում, որտեղ գովազդի ծավալները մարտին ընկել են 80%-ով, սակայն ապրիլին անկման տեմպերը դանդաղել են մինչեւ 46%: «Ամենաշատ տուժած հատվածը ներդրումային պրոդուկտներն են, ապրիլին գովազդային ակտիվությունը հավասարվել է զրոյի»,- մանրամասնել է փորձագետը։Ընկերության հաշվարկներով՝ գարնան առաջին ամիսներին փոխվել է նաեւ հեռուստատեսային գովազդի առաջատար եռյակը։ Ներկայումս առաջին երեք տեղերում են «Ալֆա-բանկ»-ը, VTB-ն եւ «Սովկոմբանկ»-ը, իսկ «Սբերբանկ»-ն ու «Տինկոֆ բանկ»-ը դուրս են մնացել լավագույն եռյակից: Տվյալ դեպքում հաշվի է առնվում ոչ միայն բանկի գովազդը, այլեւ դրա բոլոր էկոհամակարգային պրոդուկտներինը։ Պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան բանկերի բջջային հավելվածների հեռացումը տարբեր խանութներից (ներառյալ՝ Google Play, AppStore) ոչ միայն հանգեցրեց խարդախ նմանօրինակների ավելացմանը, այլեւ ազդեց գովազդի կառուցվածքի վրա: Մասնավորապես, ինչպես նշել է Եվգենի Միխայլովը, «պատժամիջոցների ենթարկված բանկերն ամբողջությամբ դադարեցրել են բջջային հավելվածների առաջմղումը, ինչը կապված է բջջային հավելվածների խանութներից դրանց հեռացման հետ»։Վարկային եւ ներդրումային պրոդուկտների առաջմղման համար նախատեսված ծախսերի մի մասը տեղափոխվել է իմիջային գովազդի հարթություն՝ «համոզելու լսարանին, որ բանկի հետ ամեն ինչ կարգին է», նշել է անկախ փորձագետ Անդրեյ Բարխոտան։Գովազդային վարկանիշում «Ֆինանսական ծառայություններ» անվանակարգի աճը նա բացատրել է, առաջին հերթին, այլ բնագավառներում նոր գովազդային արշավների մորատորիումով, որտեղ մեծ է օտարերկրյա մասնակիցների մասնաբաժինը։ Երկրորդ պատճառը պայմանավորված է բանկերի կողմից գովազդային ծախսերի իրենց մասնաբաժինը պահպանելու անհրաժեշտությամբ. «Այսինքն՝ 2022 թվականի մարտ-ապրիլին ավանդները գովազդելու համար բանկերը ստիպված էին կրկնապատկել կոնտակտների թիվը»։Միաժամանակ, ինչպես կարծում է Բարխոտան, բանկերը հետաձգել են խոշոր դաշնային արշավները տարվա երկրորդ կեսին՝ ակնկալելով պահանջարկի աշխուժացում: Եթե իրավիճակը չբարելավվի, մարքեթինգային բյուջեները կտնտեսվեն։ Այսպես, 2022 թվականին մանրածախ ֆինանսական ծառայությունների վաճառքի անկումը կարող է կազմել 30-60%, կանխատեսում է փորձագետը։ Ելնելով այս նախադրյալներից՝ «կարելի է կանխատեսել բանկային գովազդին ուղղված ծախսերի նվազում 20-40%-ով»։ Tweet Դիտում՝ 6018