ՌԴ ԿԲ-ն՝ պատժամիջոցների, գնաճի եւ հիմնական տոկոսադրույքի մասին

12.05.2022 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #պատժամիջոցներ #գնաճ
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) կարծում է, որ արտահանման եւ ներմուծման նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու սահմանափակումները կպահպանվեն ամբողջ կանխատեսման հորիզոնում մինչեւ 2024 թվականը, ասված է կարգավորիչի զեկույցում։

«Ընդհանուր անորոշությունն ու արտահանման նկատմամբ սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կազդեն համաշխարհային ապրանքային շուկաների վրա եւ կպահեն գները բարձր մակարդակում»,- ասված է ՌԴ ԿԲ-ի զեկույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սակայն, ինչպես նշում է Ռուսաստանի Բանկը, արտահանվող հիմնական ապրանքատեսակները կվաճառվեն զեղչով, ինչը զսպող ազդեցություն կունենա ապրանքների արտահանման արժեքային ծավալի վրա։

Միաժամանակ, ՌԴ ԿԲ-ն ենթադրում է, որ կանխատեսման հորիզոնում գներն ապրանքային շուկաներում աստիճանաբար կվերադառնան իրենց հավասարակշռային մակարդակին։ Urals տեսակի նավթի երկարաժամկետ հավասարակշռային գինը, ինչպես նշված է փաստաթղթում, գնահատվում է $55 մեկ բարելի դիմաց։ Արտահանման եւ ներմուծման նկատմամբ սահմանափակումները, վճարումների եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրները կհանգեցնեն նրան, որ արտաքին առեւտրի ծավալները կլինեն պատմական սովորական մակարդակից ցածր։

Ադապտացում պատժամիջոցներին

ՌԴ Կենտրոնական բանկում նշել են, որ ռուսաստանյան տնտեսությունը պատժամիջոցներին հարմարվելու ճանապարհի մեծ մասը կանցնի մինչեւ 2023 թվականի կեսը, այդ ընթացքում կձեւավորվեն իրացման նոր շուկաներ եւ հիմքեր կստեղծվեն արտադրության տեղայնացման համար։

Միաժամանակ, կարգավորիչը նշել է, որ հիմնական արտադրական գործընթացների վրա ազդող ուժեղ ցնցումները կարող են հանգեցնել պահանջարկի համեմատ առաջարկի ավելի էական եւ երկարատեւ նվազմանը: «Ընդհանուր անորոշությունը, արտահանման իրացման եւ արտադրության համար անհրաժեշտ ներկրվող ապրանքների գնման հետ կապված դժվարությունները կհանգեցնեն մասնավոր ներդրումների նկատելի նվազմանը»,- նշել են ԿԲ-ում։

«2022 թվականի ճգնաժամը 1990-ականներից ի վեր Ռուսաստանի տնտեսության առջեւ ծառացած ամենաէական մարտահրավերներից է։ ՌԴ կառավարության եւ Ռուսաստանի Բանկի կողմից ձեռնարկված միջոցները կօժանդակեն տնտեսության կառուցվածքային վերափոխմանը, հավասարակշռային նոր միտումներին անցմանը»,- ընդգծել են ԿԲ-ում։

Տարեկան գնաճ

Տարեկան գնաճը Ռուսաստանում տարվա մնացած ամիսների մեծ մասի ընթացքում կարող է աճել՝ 2022 թվականի ավարտին հասնելով 18-23%-ի։ «2023-2024 թվականներին գնաճը կդանդաղի մի շարք գործոնների համակցության ազդեցության շնորհիվ»,- նշված է զեկույցում։

Հիմնական տոկոսադրույքի իջեցում

Հիմնական տոկոսադրույքի իջեցումը կօգնի Ռուսաստանի տնտեսության կառուցվածքային վերակազմավորմանը՝ առանց գնաճամետ ռիսկեր ստեղծելու։

«Այսօր մենք տեսնում ենք միջակայք՝ մինչեւ տարեվերջ հիմնական տոկոսադրույքը նվազեցնելու համար: Միջինում հիմնական տոկոսադրույքի համար ընթացիկ կանխատեսման միջակայքն այս տարվա համար կազմում է 12,5-14%, հաջորդ տարվա համար՝ 9-11%, իսկ 2024-ի՝ 6-8%:

Այս միջակայքի օգտագործման հնարավորություններն ու ժամկետները կախված կլինեն ստացվող տեղեկատվությունից, իրավիճակի զարգացումներից եւ ռիսկերի հավասարակշռության հետագա փոփոխություններից»,- ասված է ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի՝ զեկույցին կից ներածական խոսքում։
Դիտում՝ 5244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW