ԱՄՀ-ն Հայաստանին շուրջ $35 մլն ներգրավելու հնարավորություն կտա

02.05.2022 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Հայաստան #Stand-By Arrangement
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) շրջանակում վեցերորդ եւ վերջին ամփոփիչ ստուգումը։

Ամփոփիչ ստուգման ավարտն իշխանություններին 25.716 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ) (շուրջ $35 միլիոն) ներգրավելու հնարավորություն կտա՝ Հայաստանի եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ $415 միլիոն)։

«Պահուստային ծրագիրը» ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019թ․ մայիսի 17-ին եւ ընդլայնվել 2020թ․ մայիսի 18-ին:

Եռամյա «Պահուստային ծրագիրը», որը հաստատվել է 2019թ․ մայիսին, ավարտվում է 2022թ. մայիսի 16-ին՝ սույն ամփոփիչ ստուգման եզրափակումից հետո։ Չնայած անցած երեք տարիներին տարբեր ներքին եւ արտաքին ցնցումներ տնտեսությանը հարված են հասցրել՝ ծրագրով կատարողականը բավարար է եղել եւ կարեւոր կառուցվածքային բարեփոխումներ են առաջ մղվել։

«Հայաստանի տնտեսության վերականգնումը շարունակվել է 2021թ․ եւ 2022թ․ սկզբին, հիմնականում իշխանությունների՝ տնտեսության կառավարման ջանքերի շնորհիվ։ Նրանք քաղաքականության իրականացման բարձր տեմպը համառորեն պահպանել են եւ մնացել նախաձեռնող՝ քաղաքականությունը չնախատեսված զարգացումներին համապատասխան ճշգրտելու համար։

Ընդհանուր առմամբ, եռամյա ծրագրի ընթացքում իշխանություններն առաջ են մղել կարեւոր կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում ՝ բարելավելով հարկային կարգապահությունը, կատարելագործելով բյուջետային գործընթացը, ամրապնդելով գնաճի նպատակադրման համակարգը եւ աջակցելով ֆինանսական ոլորտի կայունությանը, ինչպես նաեւ իրականացնելով կառավարման ամրապնդմանը, թափանցիկության խթանմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումներ։ Ճկուն փոխարժեքն ավելի արմատացած է երկրի քաղաքականության շրջանակում։ Իշխանությունները մշակել են նաեւ միջնաժամկետ հավակնոտ բարեփոխումների ծրագիր, որը հաջողությամբ իրականացվելու դեպքում կարող է ավելի բարձր եւ ավելի ներառական աճի հանգեցնել։

2022 թ․ տնտեսական հեռանկարի վրա ազդում է բարձր անորոշությունը՝ պայմանավորված Ուկրաինայի պատերազմի ազդեցությունների տարածմամբ։ Չնայած 2022թ․ սկզբի բարձր իմպուլսին, այս տարի կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի դանդաղում մինչեւ 1․5%, հիմնականում սպառման նվազման եւ առեւտրի կրճատման հետեւանքով։ Սպասվում է, որ բարձր գնաճը կպահպանվի՝ ներմուծման, մասնավորապես՝ սննդամթերքի եւ նավթի բարձր գների հաշվին, իսկ ընթացիկ հաշիվն ակնկալվում է, որ կընդլայնվի՝ ցնցումներին համապատասխան տնտեսության ճշգրտմանը զուգընթաց։ Այս առումով ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության վերջին խստացումը գնաճային ճնշումները զսպելու եւ գնաճի սպասումները խարսխելու բարձր հանձնառության ազդանշան է։ Շարունակվող վերահսկողական նախաձեռնությունները կօգնեն նաեւ ֆինանսական կայունության պահպանման հարցում։ Հարկաբյուջետային հնարավորությունները (տարածքը) անհրաժեշտ է շրջահայց օգտագործել՝ տնտեսության վրա Ուկրաինայի պատերազմի անբարենպաստ ազդեցությունը մեղմացնելու համար՝ միաժամանակ շարունակելով օժանդակել հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ուղղված իշխանությունների ջանքերին»,- ասված է ԱՄՀ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 13001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW