ՀայՓոստը բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը եւ Երեւան քաղաքում փոստի փոխանակումն իրականացնում օրը երեք անգամ, նախկին մեկ անգամի փոխարեն: Ինչպես նշել են ընկերությունում, սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երեւանում մինչեւ ժամը 12:00 հանձնված առաքանին ուղարկել եւ ստանալ նույն օրը Երեւանի այլ փոստային բաժանմունքից: «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ էական է մեր աշխատանքի համար: Երթուղիները 8-ից հասցնելով մինչեւ 13-ի՝ փոստի առաքման արագությունը ավելանում է 50%-ով. մենք ստանում ենք շատ մեծ դրական արդյունք, որն, անշուշտ, կգոհացնի Երեւանի մեր պահանջկոտ հաճախորդներին»,- ասել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:«Մեր հաճախորդների հետադարձ կապի եւ առաջարկների շնորհիվ մենք հնարավորինս բարելավում ենք ՀայՓոստի ծառայությունների մատուցման արագությունը: ՀայՓոստը շարժվում է կյանքի ռիթմին համընթաց՝ ստեղծելով հնարավորություն առաքանիներ ուղարկել եւ ստանալ հարմար եւ մոտ բաժանմունքից հենց նույն օրը»,- իր հերթին նշել է ՀայՓոստի փոստային բիզնեսի տնօրեն Ինգա Հովսեփյանը: Ինչ վերաբերում է մարզերում նույն ծրագրի իրականացմանը, ապա ՀայՓոստում ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ըստ Հայկ Կարապետյանի՝ տեխնիկական որոշակի վերազինում կատարելուց հետո փոստը մարզեր կհասնի հաջորդ օրը:Նշվում է, որ 12:00-ից հետո Երեւանի տարածքում առաքանին ուղարկելու դեպքում, փոստային բաժանմունքից կարող եք ստանալ հաջորդ աշխատանքային օրը: Tweet Դիտում՝ 14551