Պատերազմն Ուկրաինայի տարածքում լուրջ հարված հասցրեց ապրանքային շուկաներին՝ այնպես փոխելով առեւտրի, արտադրության եւ սպառման համաշխարհային մոդելները, որ գները կմնան պատմականորեն բարձր մակարդակներում մինչեւ 2024 թվականի ավարտը:Այս մասին ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Ապրանքահումքային շուկաների հեռանկարները» վերջին զեկույցում։Նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում էներգակիրների գների աճն ամենազգալին էր 1973 թվականի նավթային ճգնաժամից հետո։ Պարենային ապրանքների գների աճը, որոնց հիմնական արտադրողներն են Ռուսաստանը եւ Ուկրաինան, ինչպես նաեւ պարարտանյութերինը, որոնց արտադրության մեջ օգտագործվում է բնական գազ, ամենաէականն էր 2008 թվականից ի վեր։«Ընդհանուր առմամբ, սա ամենամասշտաբային ապրանքային շոկն է, որը մենք վերապրել ենք 1970-ականներից ի վեր: Ինչպես եւ այն ժամանակ, շոկը սրվում է պարենի, վառելիքի եւ պարարտանյութերի առեւտրի սահմանափակումների կտրուկ աճով: Այս իրադարձությունները սկսեցին առաջացնել ստագֆլյացիայի ուրվական։ Ղեկավար մարմինները պետք է օգտագործեն ցանկացած հնարավորություն՝ երկրի ներսում տնտեսական աճը բարձրացնելու եւ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը»,- ասել է Համաշխարհային բանկի արդար աճի, ֆինանսների եւ ինստիտուտների գծով փոխնախագահ Ինդերմիտ Գիլը:ՀԲ-ն սպասում է, որ 2022 թվականին էներգակիրների գները կբարձրանան ավելի քան 50%-ով, իսկ 2023-ին եւ 2024-ին կնվազեն։ Կանխատեսվում է, որ ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի եւ մետաղների գները 2022 թվականին կաճեն գրեթե 20%-ով, իսկ հետագա տարիներին դրանց աճը եւս կդանդաղի։ Այնուամենայնիվ, սպասվում է, որ հումքային ապրանքների գները կմնան շատ ավելի բարձր, քան վերջին հինգ տարիների միջին ցուցանիշները: Երկարատեւ պատերազմի կամ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման դեպքում գների մակարդակը եւ դրանց անկայունությունը կարող են նույնիսկ ավելի բարձր լինել, քան ներկայումս կանխատեսվում է։Համաձայն ՀԲ կանխատեսումների՝ 2022 թվականին Brent տեսակի նավթի գինը կկազմի միջինում $100 մեկ բարելի դիմաց․ սա ամենաբարձր մակարդակն է 2013 թվականից ի վեր, աճն՝ ավելի քան 40% 2021 թվականի համեմատ: Ակնկալվում է, որ 2023 թվականին գները կնվազեն մինչեւ $92, ինչը զգալիորեն գերազանցում է մեկ բարելի դիմաց $60 հնգամյա միջին ցուցանիշը:Սպասվում է, որ 2022 թվականին Եվրոպայում բնական գազի գները երկու անգամ ավելի բարձր կլինեն, քան 2021 թվականին, իսկ ածուխի գները կբարձրանան 80%-ով, ընդ որում երկու դեպքում էլ գները կհասնեն պատմական առավելագույնին:«Ուկրաինայում պատերազմի պատճառով ապրանքային շուկաները վերջին տասնամյակների ընթացքում առաջարկի ամենախոշոր շոկերից մեկն են ապրում։ Դրանով պայմանավորված պարենի եւ էներգակիրների գների աճը զգալի մարդկային եւ տնտեսական վնաս է պատճառում եւ, ամենայն հավանականությամբ, կկանգնեցնի առաջընթացն աղքատության կրճատման գործում: Հումքային ապրանքների գների աճը սրում է առանց այն էլ բարձր գնաճային ճնշումն ամբողջ աշխարհում»,- ասել է Համաշխարհային բանկի կանխատեսումների խմբի տնօրեն Այհան Քոսեն:ՀԲ-ն կանխատեսում է, որ ցորենի գները կբարձրանան ավելի քան 40%-ով՝ անվանական արտահայտությամբ այս տարի հասնելով ռեկորդային մակարդակի։ Դա ճնշում կգործադրի զարգացող տնտեսությունների վրա, որոնք կախված են հացահատիկի ներմուծումից, հատկապես Ռուսաստանից եւ Ուկրաինայից, ասված է զեկույցում:Կանխատեսվում է, որ 2022 թվականին մետաղների գները կբարձրանան 16%-ով, ապա կնվազեն 2023 թվականին, սակայն կշարունակեն բարձր մնալ։«Հումքային շուկաները գտնվում են հսկայական ճնշման տակ, իսկ որոշ ապրանքների գները անվանական արտահայտությամբ հասել են ռեկորդային ցուցանիշների: Սա երկարաժամկետ հետեւանքներ կունենա՝ «դոմինոյի էֆեկտի» տեսքով։ Գների կտրուկ աճն արտադրական ռեսուրսների վրա, ինչպիսիք են էներգիան եւ պարարտանյութերը, կարող է հանգեցնել պարենի արտադրության կրճատմանը, հատկապես զարգացող երկրներում։ Արտադրական ռեսուրսների ավելի ցածր օգտագործումը կազդի պարենի արտադրության ծավալների եւ որակի վրա՝ անդրադառնալով սննդամթերքի հասանելիության, գյուղերի բնակիչների եկամուտների եւ աղքատ շերտերի ապրուստի վրա»,- ասել է Համաշխարհային բանկի կանխատեսումների խմբի ավագ տնտեսագետ Ջոն Բաֆեսը: Tweet Դիտում՝ 11800