Համաշխարհային ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել է $2,1 տրիլիոն, ասված է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Նախկինում պաշտպանական տարեկան ծախսերը երբեւիցե չեն գերազանցել $2 տրիլիոնի նշագիծը:ԱՄՆ-ն մնում է սպառազինության վրա ծախսող բացարձակ առաջատարը։ Ըստ SIPRI-ի՝ անցած տարի ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են $801 միլիարդ, ինչը 1,4%-ով պակաս է 2020 թվականի ցուցանիշից: Վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ն ավելացրել է ներդրումները ռազմական հետազոտությունների եւ մշակման մեջ (ծախսերի այս հոդվածն աճել է 24%-ով) եւ կրճատել պատրաստի զենք գնելու ծախսերը (-6,4%), ասված է զեկույցում։Երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, որը վերջին 27 տարիներին շարունակաբար ավելացնում է իր պաշտպանական բյուջեն։ Անցած տարի Պեկինը սպառազինության վրա ծախսել է մոտ $293 միլիարդ, ինչը 4,7%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից, տեղեկացրել են SIPRI-ի փորձագետները: Ռազմական ծախսերի առումով առաջատար հնգյակում են նաեւ Հնդկաստանը ($76,6 միլիարդ, +0,9%) եւ Մեծ Բրիտանիան ($68,4 միլիարդ, +3%):Համաշխարհային վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը։ SIPRI-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նախաշեմին ՌԴ-ն $65,9 միլիարդ է ծախսել սպառազինության գնման եւ արդիականացման վրա, ինչը 2,9%-ով ավել է, քան մեկ տարի առաջ։ Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանական ծախսերը 2016-ից մինչեւ 2019 թվականը կրճատվել են Ղրիմի միացումից հետո կիրառված պատժամիջոցների ճնշման ներքո, սակայն աճել են 2021 թվականին՝ շնորհիվ նավթի եւ գազի բարձր եկամուտների, նշում է SIPRI-ն։Ուկրաինայի ռազմական ծախսերը 2014 թվականից հետո սկսել են կտրուկ աճել եւ մինչեւ 2021 թվականն ավելացան 72%-ով, ասված է զեկույցում։ Սակայն 2021 թվականին այս միտումը ընդհատվեց, եւ երկրի պաշտպանական ծախսերը կրճատվեցին 8,5%-ով՝ մինչեւ $5,9 միլիարդ։Համաշխարհային ռազմական ծախսերն աճում էին 2015 թվականից ի վեր՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց եւ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՈ-ի իր դաշնակիցների վրա ծախսերն ավելացնելու համար ճնշում գործադրելուց հետո, Bloomberg-ին ասել է SIPRI-ի ռազմական ծախսերի եւ սպառազինությունների արտադրության ծրագրի տնօրեն Լյուսի Բերո-Սուդրոն: ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո պաշտպանական ծախսերի աճը հաստատ չի դադարի, կարծում է նա։ «Եվրոպայում արդեն կար աճի միտում, եւ այդ միտումը կարագանա ու կուժեղանա»,- նշել է փորձագետը։ Tweet Դիտում՝ 4280