Ավստրալիայում բնակվող բարերար Հերոս Դիլանչյանը ՀայՓոստին է նվիրել փոստի մշակման եւ ծրարավորման երկրորդ համակարգը, որի շնորհիվ կրկնակի արագացել են ծրարավորման աշխատանքները: «Փոստի մշակման եւ ծրարավորման համակարգը հնարավորություն է տալիս ՀայՓոստին 1 ժամում թողարկել շուրջ 12 հազար ծրար, ինչպես նաեւ այժմ հնարավոր է ծրարներում միանգամից դնել ներդրանք՝ խնայելով ժամանակային եւ մարդկային ռեսուրսները: Ավստրալիայում բնակվող մեր հայրենակից, բարերար Հերոս Դիլանչյանը, ով ղեկավարում է փոստային համակարգերի արտադրությամբ զբաղվող IM Connect ընկերությունն, վերջին 15 տարիներին մշտապես աջակցել է ՀայՓոստին: Դեռեւս 2006թ.-ին Դիլանչյանը ՀայՓոստին է նվիրաբերել փոստի մշակման եւ ծրարավորման առաջին համակարգը, որի օժանդակությամբ ընկերությունը հսկայական աշխատանք է կատարում»,- հայտնում են ՀայՓոստից:«Իմ համոզմունք է, որ սփյուռքում աշխատող եւ ապրող յուրաքանչյուր հայ պետք է ընդառաջ գնա ցանկացած հնարավորությանը կամ ինքը ստեղծի առիթներ՝ աջակցելու Հայաստանին, նպաստելու հայրենիքի զարգացմանը։ Ես համարում եմ, որ ՀայՓոստի դերը մեր երկրում անչափ կարեւոր եւ անփոխարինելի է՝ որպես տնտեսական զարգացման, հասարակական կապի եւ քաղաքացիական վստահության ամրապնդման միջոց»,- նշել է IM Connect ընկերության ղեկավար Հերոս Դիլանչյանը:ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ շնորհակալություն է հայտնել ավելի քան $500 հազար արժեցող փոստի մշակման եւ ծրարավորման եւս մեկ համակարգ նվիրաբերելու եւ ընկերությանը մշտապես աջակցելու համար: «Փոստի մշակման եւ ծրարավորման նոր համակարգի շնորհիվ կարողացել ենք երկու անգամ արագացնել ծրարավորման աշխատանքները եւ ավելի արդյունավետ իրականացնել այն՝ խնայելով ռեսուրսները եւ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը»,- ասել է փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գեւորգ Խանգելդյանը: Tweet Դիտում՝ 1946