Նաբիուլինան՝ SWIFT-ի նմանօրինակի, գնաճի եւ արժութային վերահսկողության մասին

18.04.2022 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ Կենտրոնական բանկ #Էլվիրա Նաբիուլինա
12 երկրներից 52 օտարերկրյա կազմակերպություններ արդեն միացել են Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (СПФС, SWIFT-ի նմանօրինակը), ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում։

«Երբ 2014 թվականին առաջին անգամ ի հայտ եկավ SWIFT-ից անջատվելու սպառնալիքը, մենք մշակեցինք Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը, որը գործում է SWIFT-ի ստանդարտներով: Օտարերկրյա մասնակիցները, ովքեր հետաքրքրված են աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ, կարող են միանալ եւ արդեն միանում են դրան։ Այժմ համակարգի օգտատեր են 52 օտարերկրյա կազմակերպություններ 12 երկրներից»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ռուսաստանի ԿԲ ղեկավարն ընդգծել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության մեծ մասը կտրում են պահուստային արժույթներով հաշվարկներից՝ ինչպես բանկերին, այնպես էլ ընկերություններին: «Մեզ համար կարեւոր է ազգային արժույթներով վճարումների զարգացումը։ Այստեղ մենք նույնպես զրոյից չենք սկսում։ Նման երկկողմանի նախագծեր մենք արդեն սկսել եւ մշակել ենք մի շարք երկրների հետ։ Այժմ մենք բանակցում ենք տարբեր երկրների գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ կարգավորենք վճարումների եւ հաշվարկների հետ կապված իրավիճակը»,- ասել է նա։

***

Արեւմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի Բանկը հնարավորություն ունի տնօրինելու պահուստների մոտ կեսը։ «Արեւմտյան երկրների կողմից Կենտրոնական բանկի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո մենք հնարավորություն ունենք տնօրինելու պահուստների մոտ կեսը, բայց դա ոսկի, յուան եւ այլ ակտիվներ են, որոնք ենթակա չեն պատժամիջոցների ռիսկի։ Սակայն դրանք հնարավորություն չեն տալիս կառավարել արտարժույթի հետ կապված իրավիճակը ներքին շուկայում»,- ասել է Նաբիուլինան։

ԿԲ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Բանկի ոսկեարժութային պահուստների հեռանկարների քննարկումը վաղաժամ է։ «Ինչ վերաբերում է ոսկեարժութային պահուստների ապագային, ապա, հավանաբար, դեռ վաղ է որեւէ եզրակացություն անել։ Պահուստային արժույթների ցանկը սահմանափակ է, այն երկրները, որոնք թողարկում են նման իրացվելի պահուստային արժույթներ, ձեռնարկել են ոչ բարեկամական քայլեր եւ սառեցրել են մեր օգտագործումը։ Առայժմ դժվարանում եմ կոնկրետ հեռանկարների վերաբերյալ առաջարկներ տալ»,- նշել է նա։

***

Ռուսաստանի Բանկը ցանկացած մեթոդներով չի նվազեցնի գնաճը, քանի որ դա կխոչընդոտի բիզնեսի հարմարվողականությանը, ասել է Էլվիրա Նաբիուլինան։ Նրա կարծիքով, առանձին ապրանքների գների աճը մեծապես կապված կլինի ցածր առաջարկի հետ։

«Մենք չենք փորձի ցանկացած մեթոդներով վերադարձնել գնաճը ցածր մակարդակի։ Դա կխանգարի բիզնեսին հարմարվել, որի համար այժմ ավելի դժվար եւ թանկ է վերականգնել անհրաժեշտ ներկրվող բաղադրիչների մատակարարումը, եւ դա անխուսափելիորեն կազդի վերջնական արտադրանքի գնի վրա։ Իսկ մեզ պարտադիր պետք է հաղթահարել ադապտացիոն շրջանը»,- ասել նա:

Միաժամանակ, գնաճը չպետք է լինի անկառավարելի՝ արժեզրկելով խնայողություններն ու եկամուտները։ «Մենք այնպիսի դրամավարկային քաղաքականություն ենք վարելու, որը գնաճը կվերադարձնի թիրախային նպատակին ողջամիտ, կանխատեսելի ժամկետներում, բայց ոչ շատ կտրուկ»,- պարզաբանել է Նաբիուլինան: Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին գնաճի նպատակային ցուցանիշը կվերադառնա 4%-ի։

Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ ռուսաստանյան տնտեսությունը դեռեւս ունի պահուստներ, սակայն դրանք վերջավոր են։ Ռուսաստանը կթեւակոխի կառուցվածքային վերափոխումների շրջան 2-րդ – 3-րդ եռամսյակի սկզբին։

«Ժամանակաշրջանը, երբ տնտեսությունը կարող է ապրել պահուստների հաշվին, վերջավոր է։ Եվ արդեն 2-րդ – 3-րդ եռամսյակի սկզբին մենք կմտնենք կառուցվածքային վերափոխումների եւ նոր բիզնես մոդելների որոնման շրջան»,- նշել է նա։

***

Ռուսաստանի Բանկը դեռեւս չի կարող հրաժարվել արժութային վերահսկողության բոլոր տարրերից, սակայն կշարունակի թուլացնել այն, տեղեկացրել է Էլվիրա Նաբիուլինան:

«Արժութային կարգավորման առումով մենք իսկապես կոշտ միջոցներ ենք ձեռնարկում, բայց կարեւոր է, որ արժութային վերահսկողությունը ճշգրտվի։ Մոտ ապագայում մենք չենք կարողանա հրաժարվել արժութային վերահսկողության բոլոր տարրերից։ Այն պետք է ճշգրտվի այնպես, որ ծածկի ռիսկերը, բայց չխանգարի բնականոն գործունեությանը»,- ասել է նա:

***

Ապրիլի 18-ից ՌԴ Կենտրոնական բանկը վերսկսում է բանկերի համար կանխիկ արտարժույթի վաճառքի հնարավորությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր կարգավորիչը, բանկերը մինչեւ սեպտեմբերի 9-ը կկարողանան քաղաքացիներին վաճառել ապրիլի 9-ից ֆինանսական կազմակերպությունների դրամարկղերում մուտքագրված կանխիկ արտարժույթը։
Բացի այդ, քաղաքացիներին, ովքեր մինչեւ մարտի 9-ը բացել են արտարժութային հաշիվներ կամ ավանդներ եւ դեռ չեն ընտրել իրենց հաշիվներից կանխիկ արտարժույթի ստանալու սահմանված սահմանաչափը, ապրիլի 11-ից թույլատրվել է կանխիկ  ստանալ ոչ միայն դոլար, այլեւ եվրո։

Միաժամանակ քաղաքացիների հաշիվներից արտարժույթի դուրսբերման ընդհանուր սահմանաչափը մնացել է $10 000 (կամ համարժեք եվրոյով): Ինչպես նշել էին Կենտրոնական բանկում, կանխիկ արտարժույթով գործարքների ժամանակավոր ընթացակարգի ընթացքում քաղաքացիները նախկինի պես կարող են արտարժութային հաշիվներից սահմանաչափը գերազանցող միջոցները ստանալ ռուբլով: Անհրաժեշտության դեպքում փոխարկումն իրականացվում է բանկի փոխարժեքով, սակայն տրամադրվող գումարը չի կարող պակաս լինել տրամադրման օրվա Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով հաշվարկված գումարից:
Դիտում՝ 3853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW