ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2021 թվականի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, որ ունի ինստիտուցիոնալ նշանակություն, մակրոտնտեսական կայունության ապահովումն էր հետպատերազմական ծանր շրջանում: Այս մասին նա նշել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ.-ի կատարման ընթացքի եւ արդյունքների տարեկան զեկույցը ներկայացնելիս:Նրա խոսքով՝ ոչ միայն հնարավոր է եղել պահպանել պետական կառավարման ու տնտեսական կայունությունը, այլեւ եվրապարտատոմսերի աննախադեպ ($750 մլն) ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ նախկինում տեղի ունեցած բոլոր թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով:«2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» եւ «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատեցին Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատելով որպես «վստահելի»՝ կարեւորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը։ «Ստանդարտ ընդ Փուրսը» առաջին անգամ վարկանշավորելով Հայաստանը՝ մեզ շնորհեց «դրական» հեռանկարով վարկանիշ՝ դա հիմնավորելով մակրոտնտեսական կայունությունը պահպանելու, խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու Կառավարության կարողությամբ ու գործելակերպով»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ 2021թ.-ի պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվեցին 147 միլիարդ դրամով: «Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ ենք իրականացրել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100%: Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217.8 միլիարդ դրամ: Ընդ որում, 2021թ.-ի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019թ.-ի եւ 65,8 մլրդ դրամով 2018թ.-ի նույն ցուցանիշը: Որպես արդյունք 2021թ.-ի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020թ.-ի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019թ.-ի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018թ.-ի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: Էական աճ է արձանագրել միջին եւ համախառն աշխատավարձը: Կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը մենք համարում ենք երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարեւոր գործոններից մեկը, որովհետեւ այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: Նաեւ սա է պատճառը, որ 2022թ.-ի համար կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը»,- ներկայացրել է կառավարության ղեկավարը:Նա նաեւ ընդգծել է, որ կա քաղաքական որոշում՝ տնտեսական զարգացման որեւէ սցենարի դեպքում չկրճատել կապիտալ ծախսերը. «Հիշեցնեմ, որ բյուջեի կապիտալ ծախսերը իրականացվում են մասնավոր հատվածի միջոցով եւ հույս ունեմ, որ նախ կառավարությունը կկարողանա որակյալ կերպով ընթացքավորել համապատասխան տողերը, իսկ բիզնեսը կկարողանա կատարել կառավարության պատվերը՝ բարձր որակով, պատշաճ ժամանակում: Սա դեռեւս 2018թ.-ին մեր առաջարկած «հարստացիր եւ հարստացրու» բանաձեւի գործնական իրականացման մեխանիզմներից է»: Tweet Դիտում՝ 2358