ԱՀԿ նոր զեկույցը մի շարք հոռետեսական կանխատեսումներ է պարունակում

12.04.2022 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #ճգնաժամ #զեկույց
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս տարի կանխատեսում է համաշխարհային առեւտրի աճի դանդաղում՝ նախկինում ակնկալվող 4,7%-ից մինչեւ 2,4-3%, նշվում է ԱՀԿ քարտուղարության զեկույցում։

Բացի այդ, կազմակերպության փորձագետների կարծիքով, այս ճգնաժամը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի 0,7-1,3 տոկոսային կետով նվազմանը.  այդպիսով՝ աճը կկազմի 3,1-3,7%:

Ըստ նրանց՝ առեւտրի եւ արտադրանքի ծավալի կրճատումն, ամենայն հավանականությամբ, կզգա ամբողջ աշխարհի բնակչությունը՝ կապված «պարենի եւ էներգակիրների գների բարձրացման, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից արտահանվող ապրանքների առկայության նվազման հետ»։ Միաժամանակ, ցածր եկամուտ ունեցող երկրները գտնվում են «մեծ ռիսկի տակ», քանի որ դրանք սննդի վրա ծախսում են իրենց եկամտի ավելի մեծ մասնաբաժինը, քան հարուստ երկրները։ «Սա կարող է ազդել քաղաքական կայունության վրա»,- զգուշացրել են փորձագետները։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փորձագետները հիշեցրել են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «էական արտադրանքի», մասնավորապես՝ պարենի եւ էներգիայի հիմնական մատակարարներն են։ «Եվրոպան, որը ռուսաստանյան եւ ուկրաինական արտահանումների հիմնական ուղղությունն է, հավանաբար, կրելու է տնտեսական հետեւանքների բեռի հիմնական մասը»,- նշել են քարտուղարությունում։ Միաժամանակ, զեկույցի հեղինակները «խոցելի տարածաշրջաններ են» անվանում նաեւ Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը, քանի որ դրանք Ռուսաստանից եւ Ուկրաինայից ներկրում են իրենց համար անհրաժեշտ հացահատիկի կեսից ավելին։

Ուկրաինական իրադարձությունների հետ կապված ԱՀԿ-ն զգուշացրել է «երկարաժամկետ ռիսկի»՝ «գլոբալ տնտեսության առանձին բլոկների հնարավոր ապաինտեգրման» մասին։
«Տնտեսական պատժամիջոցները կարող են հանգեցնել նրան, որ արտադրության եւ առեւտրի ոլորտում ավելի ինքնաբավ լինելու համար խոշոր տնտեսությունները կգնան դեպի «տարանջատում» մյուսներից՝ հիմնվելով աշխարհաքաղաքական հաշվարկների վրա»,- նշել են փորձագետները։ Նրանց կարծիքով՝ նույնիսկ եթե աշխարհում չառաջանան նոր «պաշտոնական բլոկներ», «մասնավոր խաղացողները» կարող են փորձել «նվազագույնի հասցնել ռիսկերը՝ վերակողմնորոշելով մատակարարման շղթաները»։

ԱՀԿ քարտուղարությունում ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում մեծ նշանակություն ունի «կանոնների վրա հիմնված բազմակողմ առեւտրային համակարգը»։ Զեկույցի հեղինակները հանդես են գալիս «շուկաները բաց պահելու» օգտին, որպեսզի բոլոր երկրները կարողանան օգտվել «տնտեսական հնարավորություններից»։
Դիտում՝ 3687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW