ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր ասել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պետք է իմանալ, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում եւ գնաճի աննախադեպ փուլում։ «Հայաստանն, այս իմաստով, դեռ մի բան էլ լավ վիճակում է շատ երկրների համեմատ, իսկ թե ինչպիսի՞ն է կառավարության քաղաքականությունը, երեւաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկիրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում, քանի որ մենք վերացրեցինք արհեստական մենաշնորհները եւ Հայաստանն այսօր ներմուծումների ու արտահանումների իմաստով ազատ երկիր է»,- ասել է նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարեւոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում եւ չեն բարձրանա, անգամ որոշ դեպքերում ունենք էժանացումներ։ «Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ եւս կունենանք։ Մենք հասկանում ենք, որ պետք է սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք եւ անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձեւավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին։ Իսկ թե ինչպե՞ս ենք հավաքագրում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 մլրդ դրամով։ Եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացած հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 մլրդ դրամով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նկատել է, որ 2018 թվականից հետո ՀՀ բյուջեի հարկային եկամուտներն աճել են շուրջ 35%-ով։ «Կան շահարկումներ ու քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձը եւ բավարար չափով չենք բարձրացնում կենսաթոշակները։ Պետք է հաշվի առնել երկու բան․ նախ՝ մի բան է բարձրացնել 5 հարյուր, 5 հազար, նույնիսկ՝ 20 հազար հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 հազար հոգու թոշակը կամ 600 հազար հոգու աշխատավարձը։ Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, դրանք մեկանգամյա չեն, պետք է ընդմիշտ իրականացվեն։ Մենք ամեն հնարավորն անում ենք՝ նախընտրական մեր խոստումները, կենսական անհրաժեշտ որոշումներն օր առաջ կյանքի կոչելու համար»,- ասել է նա։ Նիստի ընթացքում կառավարության ղեկավարը կիսվել է նաեւ «լավատեսական» նորություններով եւ ասել, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան։ «Մարտի առաջին քսան օրվա տվյալներով՝ Հայաստանում ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 510 հազարով, իսկ դրամաշրջանառությունն աճել է ավելի քան 60 մլրդ դրամով, որը $120 մլն-ից ավելի շատ է։ Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է 2022թ. մարդկանց մեծ ներհոսքի հետ դեպի ՀՀ, ինչը բավական լավ տնտեսական արդյունքներ է ստեղծելու»,- ասել է նա։ Ներկայացնելով մի քանի այլ ցուցանիշներ՝ վարչապետն ասել է, որ այս տարվա փետրվար ամսին արձանագրվել է աշխատատեղերի «բացարձակ ռեկորդ»՝ 64677, որը 2021թ․ համեմատ ավել է 10,3%-ով, իսկ 2019-ի նկատմամբ՝ 12,7%-ով։ 2022թ․ փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է եղել, որը 2021թ․ փետրվարի նկատմամբ ավել է 9%-ով, 2019-ի համեմատ՝ 25,3%-ով։ Tweet Դիտում՝ 3995