ԿԲ. ՌԴ-ի դեմ պատժամիջոցները զգալի կդանդաղեցնեն ՀՀ տնտեսական աճի տեմպերը

15.03.2022 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #պատժամիջոցներ #տնտեսական աճ
ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ 2022թ. փետրվարին եւ՛ 12-ամսյա, եւ՛ բնականոն գնաճերը ԿԲ կանխատեսումներին համահունչ նվազել են եւ կազմել համապատասխանաբար 6.5% եւ 6.4%:

«Արտաքին հատվածում, ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայմաններում Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ: Արդյունքում՝ դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության եւ տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում: ԱՄՆ-ում եւ Եվրոգոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ: Արդյունքում` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ում նշել են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին: Ամբողջական պահանջարկը իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման եւ արտաքին պահանջարկի թուլացման ազդեցությունները: Զբոսաշրջության ոլորտից սպասվում է դրական նպաստում: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը եւ բարձր անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի եւ ռիսկի հավելավճարի մեծացման: Առկա անորոշություններն արտահայտվել են նաեւ գնաճի եւ գնաճային սպասումների վարքագծում:

«Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության եւ գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում, առաջիկայում եւս կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Քաղաքականության նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,- նշել են ԿԲ-ում:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը էականորեն ավելացել է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:
Դիտում՝ 9393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW