ՀԲ-ն €26․5 միլիոն վարկ է հաստատել ՀՀ-ի պետական հատվածի արդիականացման ծրագրին

04.03.2022 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #վարկ
Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր €26․5 միլիոն վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։

Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է եւ կառավարությանը կօգնի տնտեսվարողների եւ քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման եւ հասանելիության բարելավման հարցում։

ՀԲ-ը €26․5 միլիոն ($29․9 միլիոնին համարժեք) գումարով ՎԶՄԲ վարկը կտրամադրի փոփոխական սպրեդով, 14․5 տարվա արտոնյալ ժամկետով եւ 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով։ Կառավարության մասնակցությունը €5․3 միլիոն է ($6 միլիոնին համարժեք)։

Ծրագրով կարեւորվում է համակառավարական մոտեցման անհրաժեշտությունը թվային վերափոխման համար՝ խթանելու պարզ, արդյունավետ եւ թափանցիկ կառավարման համակարգերն ու պետական ծառայությունները։ 2021-2025 թթ․թվայնացման ռազմավարությամբ հիմք է դրվում սույն մոտեցման մշակման եւ իրականացման համար։

 «Պարզեցված եւ թվայնացված բիզնես գործընթացները խթանում են ռեսուրսների արդյունավետությունը եւ բարձրացնում պետական ծառայությունների արտադրողականությունը։ Քաղաքացիներին արդյունավետ եւ հասանելի ծառայություններ մատուցելու ունակ՝ ավելի գործուն պետական հատվածը նաեւ հավասարության ավելի մեծ հնարավորություններ է ապահովում եւ աջակցում է մասնավոր հատվածի արտադրողականությանը»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։

Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման եւ թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, եւ այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման,  Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։

Երկրորդ բաղադրիչն օժանդակում է թվային պետական ծառայությունների մատուցմանը, որի առանցքում հարկային եւ մաքսային վարչարարության համակարգերն են՝ եկամուտների մոբիլիզացման արդյունավետության բարձրացման եւ կառավարության կողմից ծառայությունների տրամադրումն ամրապնդելու համար։ Տեղական ինքնակառավարման մարմիններին տվյալների շտեմարանների, տվյալների ենթակառուցվածքի եւ հաշվողական համակարգերի վերակազմակերպման հետ կապված փորձնական աշխատանքների միջոցով օժանդակելով՝ դրանք կհամապատասխանեցվեն պետական կառավարման մարմինների բիզնես գործընթացներին։
 
Երրորդ բաղադրիչն օժանդակում է ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիական  հենքին՝ բարելավելով եւ հզորացնելով տվյալների ղեկավարումը/կառավարումը, ամպային հաշվողական հնարավորությունները, կիբերանվտանգությունը եւ արհեստական բանականությունը։

1992 թ․Համաշխարհային բանկին եւ 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես $2,477,870 միլիոն։
Դիտում՝ 7232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW