Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանումներ է ներկայացրել բնական գազի գնի փոփոխության մասին, որպեսզի «քաղաքացիները կարողանան գնահատել, թե ինչ է տեղի ունենում»։ «Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ։ Դեռեւս նախորդ տարվանից Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է՝ ավելացել։ Նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, ջերմատվությունն ավելացել է։ Փաստացի, ավելի կալորիականությամբ գազն օգտագործվել է, բայց վճար չի պահանջվել։ Հիմա, ելնելով տարբեր հանգամանքներից, գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է եւ մենք միջոցներ ենք ձեռնարկել Հայաստան գազի գինը 1000 խորանարդ մետրի համար $165 պահպանելու համար»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, որ շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքի համար կալորիականության ավելացած գործակից չի հաշվարկվում, նաեւ որոշակի փոխհատուցում են տրամադրվում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ 01.03.2022 | 13:45 Բնական գազի նոր սակագներ են սահմանվել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ նշել է, որ գազի կալորիայի խնդիրը եղել է դեռեւս 2013 թվականից, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն եւ «Գազպրոմ Էքսպորտ»-ը կնքել են պայմանագիր, որում եղել է կալորիայով ճշգրտման բանաձեւ։ «Ութ տարվա ընթացքում, քանի որ կուտակված էին բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, կալորիայի ճշգրտման բանաձեւն անընդհատ հետաձգվել է եւ հանգուցալուծմանը հասել 2022 թվականին։ Կառավարության հետ համատեղ գրեթե ավարտին ենք հասցնում «Գազպրոմ»-ի հետ 8-9 տարիների կնճռոտ հարցերը։ Լուծվում է «Գազպրոմ Արմենիա»-ի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահութաբերության խնդիրը, լուծվում է առաջիկա 10 տարիների համար սահմանին $165-ը պահպանելու խնդիրը»,- ասել է նա։ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ քանի որ գազի սակագինը բարձրանում է կալորիայի պատճառով, գնի որոշակի բարձրացում կլինի, բայց կալորիայի խնդիր այլեւս չի լինի, «Գազի ջերմատվության շնորհիվ ավելի քիչ գազ կօգտագործվի եւ գնի համարժեք բարձրացումն էլ չի երեւա բաժանորդի վրա»,- նշել է նա։ Tweet Դիտում՝ 2257