Ֆիշերները գրեթե 2,5 անգամ կրճատել են գրոհները հայաստանցի օգտատերերի վրա

23.02.2022 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կասպերսկի» #Ֆիշինգային գրոհներ

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականին Ֆիշինգային գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 4,28%-ը։

Վրաստանում նման գրոհների նույն տարում բախվել է օգտատերերի 1,87%-ը, իսկ Ադրբեջանում՝ 6,75%-ը։ Հայաստանում ֆիշինգային գրոհների 2020-ին բախվել է օգտատերերի 10,34%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 9,69%, իսկ Ադրբեջանում՝ 10,89%։

Ֆիշինգի միջին համաշխարհային մակարդակը 2021-ին կազմել է 8,2% նախորդ տարվա 13,21%-ի դիմաց։ Այդ տարի «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ հաջողվել է կանխել օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 253 365 212 փորձ այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 2020-ին կազմել է 434 898 635։

Ընդ որում, անցյալ տարի «Հակաֆիշինգ» համակարգի գործարկումների քանակով առաջին տեղում է Բրազիլիան, որտեղ խարդախների ուղարկած հղումներով գոնե մեկ անգամ փորձել են անցնել օգտատերերի 12,39%-ը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ֆրանսիան (12,21%) եւ Պորտուգալիան (11,40%):

«2021-ին առցանց խանութները մնացել են պահանջված, եւ դա արտացոլվել է ֆիշինգում. ամենից հաճախ խարդախները քողարկել են իրենց էջերն առցանց խանութների կայքերի անվան տակ (17,61%)։
Նվազագույն առավելությամբ երկրորդ տեղում են գլոբալ ինտերնետ պորտալները (17,27%), իսկ երրորդ տեղ են բարձրացել վճարային համակարգերը (13,11%), որոնց բաժինն աճել է 4,7 տոկոսային կետով եւ շրջանցել բանկերի (11,11%) եւ սոցիալական ցանցերի (6,34%) ցուցանիշը:

Մեսենջերները (4,36%) եւ հեռահաղորդակցական ընկերությունները (2,09%) մնացել են համապատասխանաբար վեցերորդ եւ յոթերորդ տեղերում, թեեւ դրանց բաժինը նվազել է:

ՏՏ ընկերությունները (2,00%) եւ ֆինանսական ծառայությունները (1,90%) նույնպես պահպանել են իրենց դիրքերը վարկանիշում:

Իսկ տասնյակը եզրափակում են առցանց խաղերը (1,51%), որոնց օգտատերերը 2021-ին ավելի հաճախ են չարագործների թիրախ դարձել, քան առաքման ծառայությունների օգտատերերը»,- նշել են ընկերության փորձագետները։

Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակը կամ հաղորդագրությունն ուղարկողի հասցեի եւ դրա պարունակած հղման իսկությունը. եթե չկա վստահություն դրանց բարեհուսության հարցում, պետք չէ բացել։

Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որեւէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, պետք է անհապաղ փոխի այն։ Պետք է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարեւոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։

Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, եւ կարգելափակի այն։

Դիտում՝ 2561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW