Կրիպտոարժույթների չկարգավորված մայնինգի արագ աճը կարող է հանգեցնել էներգետիկ շուկաների խափանումների եւ այլ ոլորտների էլեկտրաֆիկացումից ռեսուրսների շեղմանը, հատկապես զարգացող շուկաներում, կարծում են Fitch վարկանիշային գործակալության փորձագետները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Կրիպտոարժույթների համաշխարհային պահանջարկի աճը եւ բարձր շահութաբերությամբ մայնինգը 2021 թվականին ստեղծել են էկոհամակարգեր, որոնք արդեն սպառում են համաշխարհային էլեկտրաէներգիայի մոտավորապես 0,4-1%-ը, նշում է գործակալությունը։ Միաժամանակ, կրիպտոարժույթների մայնինգի արժեքի մինչեւ 90%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային: «Չնայած շատ կրիպտոարժույթների մայնինգն առաջադիմել է (համեմատած սկզբնական շրջանում սեղանների վրա օգտագործվող սարքավորումների հետ) եւ այժմ պահանջում է մասնագիտացված սարքավորումներ, որոնք հազարավոր դոլարներ արժեն մեկ ֆերմայի համար, այնուամենայնիվ նման համակարգերը նախկինի պես բավականին արագ տեղադրվում կամ տեղափոխվում են»,- նշում են վերլուծաբանները:Այսպես, 2021 թվականին Չինաստանում կրիպտոարժույթով գործարքների արգելքից հետո մայնինգն այդ երկրից տեղափոխվեց Ռուսաստան, Ղազախստան, Կանադա եւ ԱՄՆ (2020 թվականին Չինաստանին բաժին էր ընկնում բիթքոինի համաշխարհային մայնինգի երկու երրորդը): Միաժամանակ, որոշ տեղերում նոր ֆերմաներն առաջացրեցին էլեկտրացանցերի գերծանրաբեռնվածություն եւ հոսանքազրկում, ընդգծում է Fitch-ը։ Իր հերթին միայն բիթքոինի (որի մասնաբաժինը կրիպտոակտիվներում կազմում է մոտ 40%) համար էլեկտրաէներգիայի տարեկան պահանջարկը համեմատելի է էլեկտրաէներգիայի սպառման հետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան եւ Շվեդիան, հաշվարկել են Քեմբրիջի այլընտրանքային ֆինանսների կենտրոնում։Այսպիսով, թափանցիկության բացակայության պատճառով էներգիայի պահանջարկի անվերահսկելի աճը կարող է խաթարել բուն ոլորտի աշխատանքը, քանի որ թափանցիկության բացակայությունը դժվարեցնում է ներդրումների պլանավորումը ցանցերի ընդլայնման եւ էներգիայի արտադրության մեջ, կարծում են Fitch-ում: Սակայն շարունակական ընդլայնման սցենարը քիչ հավանական է, քանի որ համաշխարհային կարգավորիչները գնալով ավելի շատ են կենտրոնանում կրիպտոարժույթների վրա՝ անօրինական նպատակներով օգտագործելու հավանականությունից ելնելով, ինչպես նաեւ ֆինանսական շուկաների կայունության, էներգետիկ շուկաների վրա հնարավոր ազդեցության ու դրանից բխող բնապահպանական եւ սոցիալական հետեւանքների պատճառով:«Որոշ երկրներ, օրինակ՝ Չինաստանը, որոշել են արգելել մայնինգը եւ կրիպտոարժույթներով առեւտուրը: Ռուսաստանը քննարկում է նմանատիպ առաջարկներ։ Շատ ուրիշ երկրներ նախատեսում են ներդնել թվային ակտիվների կառավարման լայն նորմատիվային բազա, ներառյալ՝ ստանդարտներ, վերահսկողության եւ տեղեկատվության բացահայտման պահանջներ»,- նշել են վերլուծաբանները:Fitch-ում ընդգծել են, որ հեռանկարում թվային արժույթների շուկաները պետք է դառնան ավելի կանխատեսելի, իսկ շատ ասպեկտներ, ներառյալ՝ մայնինգի մեթոդները, կանցնեն կարգավորիչ մարմինների վերահսկողության տակ։ Այսպես, մայնինգի նպատակների համար էներգիայի ծավալները նվազեցնելու պահանջների ներդրումից բացի, տվյալների մշակման կենտրոնների համար կարող են ներդրվել գրանցման նորմեր, ինչպես նաեւ առատ ռեսուրսներով վերականգնվող էներգիայի աղբյուրներին մոտ դրանց գտնվելու պայմաններ։ Tweet Դիտում՝ 3257