ՀայՓոստը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ընկերության անվան եւ ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:Հայտարարության մեջ ասված է՝ «Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին: Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան եւ ապրանքային նշանի շահարկմամբ եւս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որեւէ առնչություն չունի: Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները եւ այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ:ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝ կայք, ֆեյսբուքյան էջ, ինստագրամյան էջ, հեռախոսահամար՝ (010) 514-514»: Tweet Դիտում՝ 1163