Մեծ Բրիտանիայի կառավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է հետ կանչել «ոսկե վիզաները», որոնք նախկինում տրվել են գործարարներին ամբողջ աշխարհից, այդ թվում՝ ռուսաստանցի ներդրողներին, ասել է ներքին գործերի փոխնախարար Դամիան Հինդսը։«Մենք ունենք մեխանիզմներ անհրաժեշտության դեպքում վիզաները հետ կանչելու համար»,- նշել է Հինդսը Times Radio-ին տված հարցազրույցում։ Բացի այդ, նա չի հերքել լրատվամիջոցների հրապարակումները՝ կապված օտարերկրյա ձեռնարկատերերին պատկանող անշարժ գույքի հանրային ռեգիստր կազմելու բրիտանական իշխանությունների ծրագրերի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Նախօրեին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտարարել էր, որ Tier 1 ներդրողի վիզաներն այլևս չեն տրվելու ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այսպես կոչված «ոսկե վիզաները» Միացյալ Թագավորությունում տրվում են 2008 թվականից. դիմորդները փաստաթուղթ ստանալու ակնկալիք կարող են ունենալ բրիտանական տնտեսությունում ավելի քան 2 միլիոն ֆունտ (2,7 միլիոն դոլար) չափով ներդրումների դեպքում։Սխեման նաև իրավունք էր տալիս հետագայում ստանալ մշտական բնակության թույլտվություն, այնուհետև՝ պարզեցված ընթացակարգով նաեւ բրիտանական անձնագիր։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերին նախորդող 12 ամիսների ընթացքում Ներքին գործերի նախարարությունը տրամադրել է 798 ներդրողի վիզա։ Դրանցից 82-ը տրվել է Ռուսաստանի, եւս 210-ը՝ Չինաստանի քաղաքացիներին։ Ընդհանուր առմամբ, 2008 թվականից ի վեր այս ծրագրով շուրջ 2500 ռուսաստանցի վիզա է ստացել։Բրիտանական լրատվամիջոցները «ոսկե վիզաներից» հրաժարվելու որոշումը կապում են «փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարի» կառավարության քաղաքականության խստացման հետ։ Ըստ տեղական մամուլի՝ այս գործողություններն ուղղված են առաջին հերթին Լոնդոնում բնակվող ռուսաստանցի գործարարների եւ նրանց ընտանիքների դեմ, ովքեր իբր կապեր ունեն ՌԴ իշխանությունների հետ։Ընդգծվում է, որ բրիտանական կառավարությունը նման միջոցներ է ձեռնարկել Ուկրաինայի շուրջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պահպանվող լարվածության ֆոնին։ Լոնդոնում ակնկալում են, որ «ոսկե վիզաներից» հրաժարվելը կօգնի նվազեցնել ռուսաստանցի այն հարուստ ձեռնարկատերերի ներկայությունը երկրում, որոնք ենթադրաբար «գործում են Կրեմլի շահերից»: Tweet Դիտում՝ 5508