Պուտինը բնական է համարում Շրյոդերի ներկայությունը «Գազպրոմի» տնօրենների խորհրդում
16.02.2022 | 08:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

«Եթե որոշում կայացվի, որ պարոն Շրյոդերը կարող է լինել «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ, ապա դա հենց վերահսկողության նպատակով է արվելու, այդ թվում՝ անկախ փորձագետի կողմից, ինչպիսին է պարոն Շրյոդերը՝ պարկեշտ մարդ, ում մենք հարգում ենք եւ ով իր առջեւ խնդիր է դնում իրականացնել սեփական երկրի շահերը։ Ամեն դեպքում, Գերմանիան, եվրոպացիները կունենան մարդ, ով կարող է եւ՛ ազդել ընդունվող որոշումների վրա, եւ՛ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ անմիջապես «Գազպրոմից»։ Կարծում եմ, դա միայն ի շահ մեր համագործակցության է, դրանով կարելի է միայն ուրախանալ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Նախագահը հավելել է, որ Շրյոդերի՝ «Գազպրոմի» տնօրենների խորհուրդ մտնելու մասին որոշումը կքննարկվի հունիսին, «սակայն դա «Գազպրոմի» եւ անկախ փորձագետների, այդ թվում՝ պարոն Շրյոդերի գործն է»։
Պուտինը Շրյոդերի անդամակցությունը «Գազպրոմի» տնօրենների խորհրդին բնական է համարել նաեւ այն պատճառով, որ նա զբաղվում էր «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք- 2» նախագծերի կազմակերպմամբ։
«Իսկ այնտեղ ֆինանսավորմանը հինգ ընկերություն է մասնակցում, այդ թվում՝ երկու խոշոր գերմանական էներգետիկ ընկերություն։ «Հյուսիսային հոսք- 2»-ը արդյունաբերական շահագործման համար պատրաստ է դեռեւս 2021 թվականի դեկտեմբերից։ Միակ հարցը գերմանական կարգավորիչ մարմինն է, որը պետք է համապատասխան որոշում կայացնի այս երթուղով մատակարարումների մեկնարկի վերաբերյալ»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: