Ռուսաստանի ԿԲ-ն մտադիր է արձակուրդներ սահմանել սպառողական վարկերի մասով

15.02.2022 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #ԿԲ #վարկային արձակուրդներ
«Մենք եկել ենք եզրահանգման, որ այն պայմաններում, երբ մարդկանց կյանքի հանգամանքները կարող են անսպասելի փոխվել, իսկ շուկայում գնալով ավելի են շատանում «երկար» պարտքերը, վարկային արձակուրդների մեխանիզմը պետք է մշտապես տարածվի նաեւ սպառողական վարկավորման վրա»։

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության եւ ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովման ծառայության ղեկավար Միխայիլ Մամուտան՝ հավելելով, որ այսօր կարգավորիչն ակտիվորեն մասնակցում է այս օրինագծի մշակմանը։

«Մեր կարծիքով՝ բոլոր սպառողական վարկերի պայմանագրերով նման արձակուրդներ պետք է տրամադրվեն մինչեւ վեց ամիս՝ անկախ ժամկետից եւ չափից, եթե անձի եկամուտը նվազել է, ինչպես դա արվում է հիփոթեքային արձակուրդների դեպքում։

Սա մեր առաջնահերթություններից է՝ մարդկանց բարեկեցության բարելավման համար ֆինանսական շուկայի հնարավորություններն օգտագործելու միջոցառումների ցանկում։ Անցած տարեվերջին մենք օրենսդիրների հետ քննարկել ենք այս նախաձեռնությունը եւ հուսով ենք, որ օրինագիծն այս տարի ընդունվելու լավ հնարավորություն ունի»,- ասել է նա։

Մամուտայի խոսքով՝ Կենտրոնական բանկը մի քանի տարի շարունակ վերահսկում է՝ ինչպես են աշխատում հիփոթեքային արձակուրդները։ Երբ դրանք ներդրվում էին, բանկերը խիստ անհանգստացած էին՝ «հիմա մենք ողողված կլինենք դիմումներով, բոլորին պետք է արձակուրդ տրամադրենք, սա վատ կազդի համակարգի կայունության վրա», «սա մարդկանց չի օգնի, կանցնի կես տարի, եւ նրանք նախկինի պես չեն վճարի»։ Այս կասկածները հասկանալի էին. գործիքը նոր է, իսկ ամեն նորը միշտ անհանգստություն է առաջացնում։

«Բայց մենք ելնում էինք միջազգային պրակտիկայից, որտեղ վաղուց կիրառվում են դեֆոլտի ռիսկի նվազեցման նման մեխանիզմներ, ինչպես նաեւ այն տրամաբանությունից, որ վեց ամիսն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում միջին հաշվով մարդկանց մոտ վերականգնվում է վճարունակությունը։ Եթե մարդը կորցնում է աշխատանքը, ապա, ըստ «Ռոսստատ»-ի, նա այն փնտրում է չորսից հինգ ամիս, գումարած եւս մեկ ամիս որպես անվտանգության սահման։

Արձակուրդները լավ միջոց են սթրեսից, երբ մարդն աշխատանք է կորցնում, հիվանդանում է եւ այն: Կարեւոր է հասկանալ, որ ոչ ոք ապահովագրված չէ նման բացասական երեւույթներից, եւ համավարակը մեզ դա շատ լավ ցույց տվեց։ Առայժմ վիճակագրությունը հաստատում է, որ մեր կանխատեսումն արդարացի էր։ Հիփոթեքային եւ վարկային արձակուրդներ վերցնում էին ոչ բոլոր վարկառուներն իրար հետեւից, այլ միայն նրանք, ում եկամուտները զգալիորեն նվազել էին։ Եվ ամենակարեւորն այն է, որ հիփոթեքային արձակուրդներ ստացողների 85%-ը վերադառնում էին վճարումների կանոնավոր ժամանակացույցի։ Այսինքն՝ դրա շնորհիվ լուրջ խնդիրների բախված վարկառուների ավելի քան երեք քառորդը չի փչացրել իր վարկային պատմությունը եւ թույլ չի տվել ուշացումներ»,- ընդգծել  Միխայիլ Մամուտան։
Դիտում՝ 6785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW