Փետրվարի 19-ին կմեկնարկի բարեգործական աճուրդ, որի նպատակն է աջակցել զինծառայողներին, նրանց ընտանիքներին, զոհված զինծառայողների ավելի քան 4 000 ընտանիքի եւ հաշմանդամություն ստացած 700 զինծառայողի։ #ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի կունենա 2-րդ անգամ՝ The Artfor’s առցանց հարթակի միջոցով եւ կտեւի մեկ շաբաթ՝ փետրվարի 19-ից 26-ը։ Առաջին աճուրդը կայացել է 2020 թվականի նոյեմբերին, որի միջոցով ավելի քան 3 միլիոն ռուբլի է ուղղվել պատերազմի հետեւանքով տուժած ընտանիքներին։ «Աճուրդում ներկայացված կլինեն ամբողջ աշխարհից նկարիչների նվիրաբերած գեղանկարչության, գծանկարի, ինչպես նաեւ դասականի ու աբստրակցիոնիզմի ավելի քան 50 կտավներ։ Ներկայացված նկարիչներից են՝ Յուրի Գրիգորյանը, Հարություն Ջինանյանը (JINO), Եկատերինա Ռոժկովան, Գալինա Բիստրիցկայան, Լենա Աշտրաֆը եւ ուրիշներ։Աճուրդի ֆենոմենը կդառնա Արթուր Վարդանյանի բացառիկ արտ-օբյեկտը՝ հատուկ թոնրում թխած ավանդական հայկական լավաշը, որի վրա Քրիստոսի դեմքն է երեւում։ «Ես եմ կեանքի հացը» սահմանափակ հավաքածուի մի նմուշն է, իսկ հավաքածուն ներառում է ընդամենը 33 լավաշ, որոնք թխվել են Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ։ Այդ 33-ից մեկ այլ լավաշ ներառվել է Երեւանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հավաքածուի մեջ։ «Ես եմ կեանքի հացը» առաջին անգամ է ներկայացվում աճուրդի»,- հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Գնորդները գումարը փոխանցելու են անմիջապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Tweet Դիտում՝ 4209