«ՓՄՁ սուբյեկտների խնդիրները բազմաբնույթ են»

19.08.2008 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն" /Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ հիմնադրամի գործադիր տնօրեն## Իշխան Կարապետյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գործում է 2002 թվականից, սակայն կենտրոնի գործունեությունը կարծես միայն վերջերս արդիականություն ստացավ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Համաձայն չեմ ձեր պնդման հետ, որ կենտրոնի աշխատանքն արդիականություն ստացավ միայն վերջերս: Մեր կազմակերպության գործունեության 98 տոկոսն ուղղված է հանրապետության մարզերում փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտների ֆինանսական, տեղեկատվական և այլ բնույթի խնդիրների լուծմանը:

Վերջերս մեզ մոտ ուղղակի ավելացավ նոր գործառույթ, որն ուղղված է ՓՄՁ սուբյեկտների եւ պետական համապատասխան կառույցների միջեւ համագործակցության հաստատմանը: Սա է պատճառը, որ վերջերս կենտրոնի գործունեությանն առանձնակի ուշադրություն դարձվեց տարբեր ատյաններում:

Կենտրոնն ըստ էության դարձավ այն հիմնական օղակը, որ կապում է գործարար համայնքը պետական կառույցներին, մասնավորապես, Հարկային պետական ծառայության ու Մաքսային պետական կոմիտեին: Բացի այդ, վերջերս ունեցել ենք նոր զարգացումներ` պայմանավորված նշված ոլորտներից դուրս բնագավառների վերաբերյալ առանձին հարցադրումների հետ, որոնք վերաբերում են Պետական ռեգիստրի, Կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաեւ սերտիֆիկացնող, արտոնագրող եւ ստուգումներ իրականացնող այլ կազմակերպությունների գործունեությանը:

- Ինչպե՞ս հստակ տարանջատել փոքր բիզնեսը միջինից եւ խոշորից: Ունի՞ արդյոք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սեփական չափանիշներ:

- Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը չունի սեփական չափանիշներ: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների դասակարգման չափորոշիչները տրված են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասինե օրենքում, որի համաձայն դասակարգումը կատարվում է ըստ 3 չափորոշիչների:

Գերփոքր են համարվում մինչեւ 5 աշխատող ունեցող ձեռնարկությունները: Փոքր ձեռնարկություն են համարվում այն իրավաբանական անձինք, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ըստ ոլորտների չի գերազանցում 50-ը` արդյունաբերության եւ նյութական արտադրության այլ ոլորտներում, 25-ը` շինարարության, էներգետիկայի, գիտության եւ կրթության ոլորտներում, 15-ը` տրանսպորտի, կապի եւ առեւտրի ոլորտներում: Միջին են համարվում այն ձեռնարկությունները, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը չի գերազանցում համապատասխանաբար 100-ը, 50-ը եւ 30-ը:

Ներկայումս մշակման փուլում է օրենքի նոր նախագիծը, որը հնարավորություն կտա դասակարգել փոքր եւ միջին ձեռնարկությունները ոչ միայն ըստ աշխատողների թվաքանակի, այլ նաև շրջանառության ծավալի եւ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված ցուցանիշների: Սա հնարավորություն կտա ավելի հստակ տարանջատել փոքր եւ միջին ձեռնարկությունները:

- Ի՞նչ հիմնական հարցերով են դիմում ձեռնարկատերերը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ, եւ ի՞նչ մեխանիզմով է կենտրոնն իրականացնում իր աջակցությունը:

- Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի բոլոր մարզերում ստեղծված մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, ինչպես նաև Երեւանում գործող կենտրոնական գրասենյակի միջոցով: Աջակցության ծրագրերին կարող են մասնակցել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափորոշիչներին եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերով սահմանված առաջնայնություններին, որոնցից են արտադրության ոլորտը, ձեռնարկատիրությունը հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում, ներմուծմանը փոխարինող ապրանքների արտադրությունը, ինչպես նաեւ նորարարությունների եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը:

Մեզ ուղղված դիմումների հիմնական մասը վերաբերում է խորհրդատվական, տեղեկատվական եւ ուսուցողական աջակցությանը, զգալի մաս են կազմում նաեւ ֆինանսական աջակցության համար դիմող տնտեսվարող սուբյեկտները:

Վերջերս սկսել է գործել մեր թեժ գիծը` 563714 հեռախոսահամարով, որի միջոցով տնտեսվարող սուբյեկտները հաճախ դիմում են հարկային, մաքսային համակարգի եւ տարբեր պետական կառույցների հետ իրենց փոխհարաբերությունների վերաբերյալ հարցերով: Բացի այդ, ստանում ենք նաեւ օրենսդրական դաշտը կատարելագործելուն ուղղված առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի լսելի դարձնել ՓՄՁ սուբյեկտի ձայնը: Մեզ ներկայացրած բոլոր հարցերն ու առաջարկություններն ամփոփվում եւ ներկայացվում են վարչապետի գլխավորությամբ գործող` Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդին (ԵՎԲԱԽ), որը դրանք քննարկում է եւ համապատասխան լուծումներ տալիս:

Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի հետ համատեղ մշակվել է հատուկ աշխատակարգ գործարարների կողմից ստացվող հարցադիմումների ընթացքն ապահովելու նպատակով, եւ բավականին սեղմ ժամկետներում գտնվում են լուծումներ: Հարցերի պատասխանները տեղադրվում են ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքի (http://www.smednc.am ) «Հարց ու պատասխանե բաժնում:

- Ունե՞ք արդյոք վիճակագրություն` որքան ձեռնարկությունների է աջակցել կենտրոնը:

- 2007 թվականին մենք ստացել ենք աջակցության 8494 հայտ եւ աջակցություն ենք ցուցաբերել ավելի քան 4800 ՓՄՁ սուբյեկտի, որոնցից ավելի քան 3500-ը աջակցություն են ստացել ծրագրային մի քանի ուղղություններով:

2008 թվականի առաջին կիսամյակում մենք ստացել ենք աջակցության 3334 հայտ, որոնցից աջակցություն են ստացել 2228 սկսնակ եւ գործող սուբյեկտներ: Նշեմ, որ դրանցից 578-ը համալիր աջակցություն են ստացել: Հատկանշական է այն փաստը, որ հուլիսի ընթացքում աջակցության ծրագրերից օգտվողների քանակն ավելացել է մոտ 10-15 տոկոսով, ինչը պայմանավորված է Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ակտիվ տարածմամբ:

- Ի՞նչ հիմնական խոչընդոտների է հանդիպում Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը:

- ՓՄՁ սուբյեկտների խնդիրները բազմաբնույթ են եւ տարբերվում են իրենց դրսեւորման եւ խորության աստիճանով Երեւանում եւ մարզերում: Հայաստանի ՓՄՁ-ի առջեւ ծագող խնդիրների մեծամասնությունը վերաբերվում է իր փոխհարաբերություններին պետական մարմինների հետ եւ ֆինանսական ռեսուրսներից օգտվելու մատչելիությանը: Վերջինը հիմնականում պայմանավորված է բանկերի կողմից առաջարկվող բարձր տոկոսադրույքներով: Այս խնդիրը հատկապես սուր է Հայաստանի մարզերում, ինչը պայմանավորված է գրավի ցածր գնահատմամբ եւ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պատմության անհրաժեշտությամբ: Ստացվում է, որ սկսնակ գործարարը, որն ուզում է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ եւ սեփական գործ սկսել, չունի այդ հնարավորությունը:

Լուրջ խնդիրներ կան` կապված խորհրդատվության մատչելիության հետ: Եվ ընդհանրապես, ՓՄՁ սուբյեկտների շրջանում կա տեղեկատվական մեծ բաց:

Բոլոր այս խնդիրների լուծման ուղղությամբ մեր Կենտրոնն իրականացնում է ծրագրեր, որոնցից են վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը, սկսնակ գործարարներին ֆինանսական ռեսուրսների ներգրավմանն աջակցության ծրագիրը (որը թույլ է տալիս նորաստեղծ ձեռնարկություններին դրամական աջակցություն ստանալ հենց հիմնադրման շրջանում), վարկային տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը, ինչպես նաեւ մի նոր ծրագիր` Սեփական կապիտալի ֆինանսավորման փորձնական ծրագիրը, որն իրականացվում է այս տարվանից և որը ենթադրում է ընկերության կանոնադրական կապիտալում մեր կողմից որոշակի մասնաբաժնի ձեռքբերում:

- Ո՞ր բանկերի հետ է համագործակցում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, նախատեսու՞մ եք արդյոք ընդլայնել գործընկեր բանկերի ցանկը:

- Ներկայումս Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցում է 6 բանկերի հետ: Օրերս ստորագրվեց համագործակցության պայմանագիր «ՎՏԲ-Հայաստան բանկիե հետ, եւ այդ բանկն ընդգրկվեց մեր կողմից իրականացվող վարկային երաշխավորությունների ծրագրում: Ավարտական փուլում են «Կոնվերս Բանկիե հետ բանակցությունները, որի հետ օգոստոսի կեսին հավանաբար կկնքվի համագործակցության պայմանագիր: Ակտիվ աշխատանք ենք իրականացնում նաեւ «ՊրոԿրեդիտ Բանկիե հետ` համագործակցության հաստատման եւ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

- Հարկային վարչարարության բարելավման շրջանակներում նախատեսվում է բիզնեսի եւ հարկային մարմինների շփման ձեւաչափը վերածել էլեկտրոնայինի: Նշվում է, որ էլեկտրոնային ֆորմատը գործելու է 2009-ից: Հայտնի՞ են Ձեզ արդյոք նոր համակարգի մանրամասները:

- Փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկային վարչարարության բարելավման օրենսդրական փաթեթի համաձայն, որը հավանաբար կընդունվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում, նախատեսվում են միջոցառումներ` ուղղված ՓՄՁ սուբյեկտների եւ հարկային մարմինների շփումը էականորեն պարզեցնելուն:

Որպես դրա հիմնական նախապայմաններից մեկը դիտարկվել է հարկային հաշվետվությունների` էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրումը:

Էլեկտրոնային համակարգին անցումը հավանաբար փուլային կլինի: Այսօր արդեն ամրագրված է հարկային հաշվետվությունների ներկայացման բավականին պարզեցված ընթացակարգ, եւ գործարարը կարող է հանձնել իր հարկային հաշվետվությունը հաշվված րոպեների ընթացքում:

Համապատասխան ծրագրային ապահովումից հետո հնարավորություն կընձեռվի տրամադրել հաշվետվությունները նաեւ էլեկտրոնային եղանակով, ինչը, հուսով եմ, հնարավոր կլինի արդեն 2009 թվականի ընթացքում:

Դիտում՝ 9335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW