Նոբելյան դափնեկիրը կրիպտոարժույթները համեմատել է 2008թ․ հիփոթեքային ճգնաժամի հետ

31.01.2022 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փոլ Կրուգման #կրիպտոարժույթներ
Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը զգուշացրել է կրիպտոարժույթների շուկայի անկայունության մասին՝ համեմատելով այն 2007-2008թթ․ ԱՄՆ հիփոթեքային ճգնաժամի հետ, հաղորդում է Inc. Russia-ն։

Տնտեսագետը դա բացատրել է նրանով, որ կրիպտոարժույթները հանրաճանաչ են դարձել այն մարդկանց մոտ, ովքեր լիովին տեղյակ չեն դրա հետ կապված տնտեսական ռիսկերին:
«Կան 15 տարվա վաղեմության հիփոթեքային վարկերի փլուզման տագնապալի արձագանքներ»,- ասել է Կրուգմանը The New York Times-ում (NYT) հրապարակված հոդվածում:

Նա նշել է, որ «անհարմար զուգահեռներ է տեսնում» կրիպտոարժույթների եւ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի փլուզման միջեւ, որը ծնկի բերեց անշարժ գույքի ողջ շուկան եւ առաջացրեց 2007-2008թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:

Հիփոթեքային վարկերի ճգնաժամն, ըստ էության, բանկերի կողմից բարձր ռիսկային խմբերից անձանց վարկեր տրամադրելու արդյունքն էր, երբ տոկոսադրույքները ցածր էին, իսկ անշարժ գույքի գները սրընթաց աճում էին, պարզաբանել է նա: Երբ շուկան հագեցավ, անշարժ գույքի սեփականատերերը հայտնվեցին բացասական կապիտալի պայմաններում՝ չկարողանալով մարել իրենց վարկերը, ինչի արդյունքում վարկատուները հսկայական կորուստներ կրեցին:

Կրուգմանը վստահ է, որ կրիպտոներդրողները, ովքեր ներդրումներ են կատարում սպեկուլյատիվ ֆինանսական պրոդուկտներում, չեն հասկանում իրական ռիսկերը: Տնտեսագետը մեջբերել է NORC-ի ուսումնասիրությունը, համաձայն որի թվային ակտիվների սեփականատերերի 55%-ը չունի քոլեջի դիպլոմ: Կրուգմանը հարցման արդյունքներն ապացույց է համարել առ այն, որ կրիպտոարժույթներում ներդրումները հանրաճանաչ են դարձել բանվոր դասակարգի մոտ:

«Շատ վարկառուներ չէին հասկանում՝ ինչի մեջ են մտնում: Իսկ կրիպտոարժույթներն իրենց գների հսկայական տատանումներով, կարծես թե, կապված չլինելով հիմնարար գործոնների հետ, չափից դուրս ռիսկային են»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ կրիպտոարժույթները համակարգային ռիսկեր չեն ներկայացնում, կարծում է Կրուգմանը. «թվերը բավականաչափ մեծ չեն դա անելու համար»:

Ըստ CoinGecko-ի՝ ամբողջ կրիպտոշուկայի արժեքը կազմում է մոտ $1,7 տրիլիոն:
Դիտում՝ 4278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW