Գործադիրն այսօր հաստատել է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 80-90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի եւ անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017թ. ապրիլ ամսից մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում 1186 լիզինգառուի տրամադրվել է 1859 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ 815 միավոր տրակտոր, 14 միավոր կոմբայն եւ թվով 1030 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի եւ արդյունավետ մոտեցումների՝ մասնավորապես լիզինգի մեխանիզմի կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը՝ հաշվի առնելով 2017-2021 թթ. գործող ծրագրի դրական փորձն ու գրանցված արդյունքները։ Ծրագրի պայմաններով տարեկան մինչեւ 14% տոկոսադրույքով, որի մինչեւ 12 տոկոսային կետը սուբսիդավորում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2%։ Սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների եւ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%: 2022թ.-ին ծրագրի իրականացման համար գնահատված արժեքը կկազմի 719.5 մլն դրամ, այդ թվում` 597,6 մլն դրամը կուղղվի նախորդ տարիներին ձեռքբերված գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը, իսկ 121,9 մլն դրամը՝ 2022 թվականին կանխատեսվող շուրջ 1,4 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը: Tweet Դիտում՝ 2304