McKinsey․ գլոբալ Էներգաանցումը կարժենա $275 տրիլիոն

25.01.2022 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#McKinsey Global Institute #Էներգաանցում
McKinsey Global Institute-ը՝ McKinsey խորհրդատվական ընկերության հետազոտական ստորաբաժանումը, նկարագրել է այն հսկայական տնտեսական եւ սոցիալական փոփոխությունների հիպոթետիկ մոդելը, որոնք տեղի կունենան, եթե աշխարհը մինչեւ 2050 թվականը հասնի ածխածնային չեզոքության:

Ինչպես հաղորդում է RBC-ն, հետազոտությունը («Անցում դեպի մաքուր զրոյական արտանետումներ») հիմնված է Network for Greening the Financial System (NGFS) կազմակերպության կողմից մշակված սցենարի վրա։ NGFS-ը ստեղծվել է կենտրոնական բանկերի եւ վերահսկողական մարմինների կողմից 2017 թվականի դեկտեմբերին՝ կլիմայի գլոբալ փոփոխությանն արագ արձագանքելու համար:

McKinsey-ի փորձագետներն ուսումնասիրել են՝ ինչ փոխակերպումներ տեղի կունենան համաշխարհային տնտեսության մեջ ըստ չորս ուղղությունների` ապրանքների պահանջարկ, կապիտալի բաշխում, արտադրության եւ սպառողների համար ծախսեր ու աշխատաշուկա: Գլոբալ ուսումնասիրությունն ընդգրկում է ջերմոցային ընդհանուր արտանետումների մոտավորապես 85%-ի համար պատասխանատու ոլորտները եւ նկարագրում տնտեսական զարգացումները 69 երկրում:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ զրոյական արտանետումներին անցումը կարող է լինել միայն համընդհանուր, այսինքն՝ առնչվել տնտեսության բոլոր ոլորտներին եւ երկրներին. կվերակառուցվեն էներգետիկ եւ հողօգտագործման համակարգերը, որոնք ընկած են համաշխարհային տնտեսության հիմքում եւ պատասխանատու են CO2 արտանետումների համար։

2021-ից մինչեւ 2050 թվականն ածխածնային չեզոքությանն անցնելու համար ֆիզիկական ակտիվներին ուղղված ընդհանուր կապիտալ ծախսերը կկազմեն $275 տրիլիոն: Դեկարբոնիզացիայի վրա միջին տարեկան ծախսերը պետք է այսօրվա $5,7 տրիլիոնից հասնեն 9,2 տրիլիոնի:

Ճանապարհի սկզբում՝ մինչեւ 2030 թվականը, ներդրումների ծավալն ավելի մեծ կլինի։ Սպառողները կարող են նաեւ բախվել նախնական ծախսերի ավելացման հետ, քանի որ պետք է անցում կատարեն դեպի ցածր արտանետումներով ապրանքների (օրինակ՝ էլեկտրական մեքենաների): Բացի այդ, կարճաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ էլեկտրաէներգիան։

Ըստ McKinsey-ի, դեկարբոնիզացիայի համատեքստում աշխարհի խոշորագույն տնտեսությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի ծախսերը կկազմեն ֆիզիկական ակտիվներին ուղղված համաշխարհային ծախսերի մոտ կեսը: Այս երկրները 2021-2050 թվականներին կծախսեն իրենց ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 6%-ը։

Էներգաանցման ռիսկերի թվում է էլեկտրաէներգիայի գների անկայունությունը (արտադրողները կփորձեն փոխհատուցել մաքուր էներգիայի ոլորտում ներդրումները սակագների բարձրացմամբ):

«Թույլ կառավարման դեպքում անցումը կարող է ապակայունացնել էներգիայի գները՝ բացասաբար ազդելով էներգիայի մատչելիության վրա, հատկապես տնային տնտեսությունների եւ ցածր եկամուտ ունեցող տարածաշրջանների համար: Դա կազդի նաեւ ընդհանուր տնտեսության վրա եւ կարող է հանգեցնել անցման գործընթացի խաթարմանը (օրինակ, եթե էներգիայի գների աճը բացասական արձագանք առաջացնի)»,- զգուշացնում են հետազոտության հեղինակները:
Դիտում՝ 3478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW