Ջեֆ Բեզոսը $3 միլիարդ է ներդրել «անմահության նախագծում»

24.01.2022 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեֆ Բեզոս #Յուրի Միլներ #Alto Labs
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը $3 միլիարդ է ներդրել ծերանալու դեմ պայքարող՝ Alto Labs ստարտափում, գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով The Sunday Times-ը։

Նշվում է, որ նախագծի առաջին մասնակիցներից է բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության նախկին գլխավոր գիտաշխատակից Հել Բերոնը։ Նախագծին կմասնակցեն նաեւ Նոբելյան մրցանակակիրներ Շինյա Յամանական եւ Ջենիֆեր Դուդնան։

Արդյունքին հասնելու ճանապարհին գիտնականները նախատեսում են ուսումնասիրել բջիջների վերածրագրավորման գործընթացը՝ նրանց վերադարձը ցողունային վիճակին։ «Նախագծի հաջողությունը դեռ վաղ է երաշխավորել, սակայն ակնկալվում է, որ հետազոտողները կկարողանան նոր բացահայտումներ անել ծերանալու դեմ պայքարի ոլորտում»,- նշում է պարբերականը։

Անցած տարվա սեպտեմբերին Alto Labs ստարտափին նվիրված իր ծավալուն հոդվածում Rusbase պորտալը նշել էր, որ ընկերությունը Ջեֆ Բեզոսից, ռուսաստանցի գործարար Յուրի Միլներից եւ հավանական այլ ներդրողներից առնվազն $270 միլիոն էր ներգրավել։

«Ասում են՝ երիտասարդները երազում են հարստանալու, իսկ հարուստները՝ երիտասարդ դառնալու մասին։ Այս պարադոքսին լիովին կարող էին բախվել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Միլները (59 տարեկան) եւ Բեզոսը (57 տարեկան)»,- նշվում էր հոդվածում:

Amazon-ի բաժնետերերին ուղղված իր վերջին ուղերձում Բեզոսը մեջբերել էր կենսաբան Ռիչարդ Դոքինսի գրքից. «Մահվան կանխարգելումը նպատակ է, որին հասնելու համար պետք է աշխատել: Կենդանի էակները, որոնք ակտիվ չեն այս դասավորվածությունը կանխելու համար, ի վերջո միաձուլվում են իրենց միջավայրի հետ եւ դադարում գոյություն ունենալ որպես ինքնավար էակներ: Հենց այդպես է լինում, երբ նրանք մահանում են»:

Ինչպես նշվում էր հոդվածում, Բեզոսը նկատի ուներ, որ ազգերը, ընկերությունները եւ անհատները պետք է պայքարեն տարբերվող, օրիգինալ եւ եզակի մնալու համար: Դա անելու միջոցներից մեկը ժամանակը ետ շրջելն է՝ վերադարձնելով երիտասարդությունը:
Դիտում՝ 5495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW