Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ եւ Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի ներկայացումը: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն եւ ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:«Քանի որ հունվարի 1-ից դադարել է գործել GSP+ համակարգը, այդ նպատակով հետազոտություն ենք սկսել մեր գործընկերների եւ աջակցող ստորաբաժանումների հետ այդ համակարգի դադարեցման հետեւանքներն ուսումնասիրելու ուղղությամբ։ Հետազոտության հիման վրա կմշակվի տեքստիլ արդյունաբերության հնգամյա ռազմավարությունը, որում կներառվեն ոչ միայն տեքստիլ, այլեւ թեթեւ արդյունաբերության այլ ճյուղեր»,- նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը։Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի խոսքով՝ տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանի դինամիկ զարգացող ոլորտներից է, որն ունի զարգացման մեծ ներուժ։ Նա լիահույս է, որ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը կնպաստի ոլորտում մրցունակության բարձրացմանը։ Դեսպանը նաեւ ընդգծել է, որ ծրագիրը կենտրոնանում է երկու կարեւոր կետերի՝ կանանց շրջանում ձեռներեցության զարգացման եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր հերթին նշել է, որ ՎԶԵԲ-ն աստիճանաբար մեծացնում է իր ներդրումները Հայաստանում եւ ֆինանսական ու էներգետիկ ոլորտներից բացի, հետաքրքրված է նաեւ անշարժ գույքի, զբոսաշրջության, ծառայությունների, հեռահաղորդակցության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններով։ Նշելով, որ տեքստիլ արդյունաբերությունը նույնպես ընդգրկված է ՎԶԵԲ առաջնահերթությունների շարքում՝ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանն ու տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները:Ծրագրի շրջանակում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների եւ ուղիների վերաբերյալ, եւ վերջիններս ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլեւս չի գործում GSP+ ռեժիմը:Տեքստիլի եւ հագուստի արդյունաբերությունն արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է եւ հանդիսանում է երկրում զբաղվածության կարեւոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95%-ի։ Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, եւ վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում: «Հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առեւտրի խթանմանը եւ արտահանման ընդլայնմանը։ Բացի այդ, ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա եւ կաջակցի նաեւ կանանց ձեռներեցության աճին:Ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության եւ կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական եւ տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաեւ կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը եւ մկմշակվի հստակ առաջարկություններով եւ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1537