21 միլիոնով ավել գործազուրկ եւ գլոբալ աշխատաշուկայի փխրուն կանխատեսում

18.01.2022 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԿ #ՄԱԿ #աշխատաշուկա
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց) ակնկալում է, որ 2022 թվականին աշխարհում գործազուրկների թիվը կկազմի 207 միլիոն, ինչը 21 միլիոնով ավել է, քան 2019 թվականի նախաճգնաժամային ժամանակաշրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը։

«Սպասվում է, որ գլոբալ գործազրկությունը կպահպանվի մինչկովիդյան մակարդակից բարձր առնվազն մինչեւ 2023 թվականը։ 2022-ին դրա մակարդակը կկազմի 207 միլիոն, մինչդեռ 2019 թվականին այն 186 միլիոն էր»,- նշել են զեկույցի հեղինակները։

Ընդգծվում է, որ «ԱՄԿ-ն նվազեցրել է 2022 թվականին աշխատաշուկայի վերականգնման կանխատեսումը»։ Սա «որոշ չափով արտացոլում է COVID-19-ի վերջին՝ դելտա եւ օմիկրոն տարբերակների ազդեցության հետեւանքները, ինչպես նաեւ համավարակի ապագա էվոլյուցիայի վերաբերյալ զգալի անորոշությունը:

«Հիմնվելով տնտեսական աճի վերջին կանխատեսումների վրա՝ ԱՄԿ-ն ակնկալում է, որ 2022 թվականին աշխատած ժամերի ընդհանուր քանակը կմնա գրեթե 2%-ով ավելի ցածր մակարդակում, քան մինչեւ համավարակ էր»,- ասված է զեկույցում։ Հունիսին ԱՄԿ-ն կանխատեսել էր, որ 2022 թվականին այս ցուցանիշը կնվազի մինչեւ 1%-ից պակաս։

Փորձագետները նշում են, որ համավարակով պայմանավորված ճգնաժամը տարբեր կերպ է ազդել աշխատողների առանձին խմբերի եւ երկրների վրա՝ խորացնելով անհավասարությունները երկրների ներսում եւ դրանց միջեւ ու թուլացնելով գրեթե բոլոր պետությունների տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական հիմքերը: Մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտ ունեցող երկրները ցույց են տալիս աշխատաշուկայում վերականգնման ավելի բարձր դինամիկա, մինչդեռ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներն ավելի վատ վիճակում են:

Փորձագետները նկատում են «առողջացման առավել հուսադրող նշաններ» Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։ Միաժամանակ, նրանք ավելի պակաս լավատես են Հարավարեւելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում զբաղվածության իրավիճակի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, մոլորակի բոլոր տարածաշրջանների համար 2023 թվականին աշխատաշուկայի լիարժեք վերականգնման հեռանկարն այն մակարդակին, որը տեղի էր ունենում մինչեւ համավարակը, զեկույցում համարվում է «պատրանքային»:

Ճգնաժամն ավելի շատ է հարվածել կանանց զբաղվածությանը, քան տղամարդկանց, եւ դրա հետեւանքները կզգացվեն առաջիկա տարիներին, նշում է ԱՄԿ-ն։ Իր հերթին, կրթական եւ ուսումնական հաստատությունների փակումն աճող երկարաժամկետ ազդեցություն կունենա երիտասարդության համար:

«Ճգնաժամից երկու տարի անց կանխատեսումը մնում է փխրուն, իսկ վերականգնման ճանապարհը դանդաղ ու անկայուն»,- հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը: Նրա խոսքով՝ առանց աշխատաշուկայի իրավիճակի բարելավման չի կարող լինել համաշխարհային տնտեսության իրական վերականգնում։
Դիտում՝ 2798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW