Կառավարությունը ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը

05.01.2022 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #ԶՊՄԿ #մասնաբաժին
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ ՀՀ-ը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության մոտ 15% (15,000033%) բաժնետոմսերի սեփականատեր, ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ԶՊՄԿ մոտ 15% (տասնհինգ տոկոս) պարզ բաժնետոմսերը:

ԱՆԻՖ-ի մանդատը ներառում է ՀՀ-ում ռազմավարական ակտիվների կառավարման մեջ մասնակցություն, այն դեպքերում, երբ ներդրողը ցանկանում է ունենալ պետական մասնակցություն։  

Այդ առումով ԱՆԻՖ-ը դրական է գնահատում, որ Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում իր 15% բաժնեմասնակցությունը կիրացնի մասնագիտական կառույցի միջոցով։

«ԱՆԻՖ-ը կարեւորում է այս միջոցով պետություն-մասնավոր տարանջատման, շահերի բախման բացառման եւ զսպումների ու վերահսկողության մեխանիզմի իրացման հնարավորությունը։ Հանքարդյունաբերության ոլորտում, հատկապես զարգացող երկրներում, ընդունված պրակտիկա է, երբ հանքարդյունաբերող ընկերությունները որպես հյուրընկալող երկրի (host country) հետ ընդհանուր արժեքների ստեղծման եւ օգուտների արդար բաշխման բարի կամքի դրսեւորում` առաջարկում են ընդունող պետությանը փոքր մասնաբաժին։

Հույս ունենք, որ այս համագործակցությունը տնտեսական նոր հնարավորությունների սկիզբ կդառնա՝ որպես առաջնահերթություն ձեւակերպելով պետության, հանրության եւ ներդրողի շահերի համադրությունը։

Այս համատեքստում հատուկ կարեւորություն ունեն կայունության կատարողականի բարելավմանը եւ հանքարդյունաբերական լավագույն փորձի ներդրմանն ուղղված բոլոր կողմերի, այդ թվում` մյուս բաժնետերերի հասցեական քայլերի պատրաստակամությունը։

Սա, վստահ ենք, կարեւոր նախապայման է ժամանակակից աշխարհում հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կառավարման համար»,- ասված է ԱՆԻՖ-ի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW