Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ տնտեսվարողներին հնարավորություն եւ ժամանակ է տրվել իրենց գործունեությունն այնպես դասավորել, որպեսզի նվազ վնասներ լինեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքի առաջին հատվածի դրույթների կիրառման արդյունքում։ Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին եւ որոշ դրույթներով կյանքի կոչվել 2021 թվականին։«Տեսչական մարմինները տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ եւ վերահսկողության կատարման արդյունքում կարճ ժամանակում պետք է ականատես լինենք մաքուր ու ճիշտ ցուցափեղկերի։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքի առաջին հատվածը, որով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում եւ սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առեւտրի խանութների, կարեւոր խթան կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցում»,- ասել է նա։Արգելվում է նաեւ կրպակներում, տեսանելի վայրերում ծխախոտային արտադրանքների տուփերի եւ մակետների ցուցադրությունը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ մեկ տարի առաջ, բայց, հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, մեկ տարով հետաձգվեց։«Մարտից արգելվելու է նաեւ ծխախոտի օգտագործումը փակ եւ բաց տարածքներում՝ ներառյալ բացօթյա սրճարաններում եւ այլն։ Տնտեսվարողները եւ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն սրան»,- ասել է նա։ Հակածխախոտային օրենքի դրույթների կատարմանը հետեւելու եւ ստուգումներն իրականացնելու են տեսչական, տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը։ Tweet Դիտում՝ 2701