Ամփոփվել են կապիտալ ծախսերի կատարողականը եւ ճանապարհաշինական աշխատանքները
30.12.2021 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Vahagn Grigoryan

Այս մասին կառավարության նիստի ընթացքում այսօր հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: 2022 թվականի համար մեր բյուջեի առանձնահատուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բարձր մակարդակ: Որոշ կարծիքների համաձայն՝ այն դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,- ասել է ֆինանսների նախարարը:
Իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, նշել է, որ ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել:
Ըստ նախարարի՝ միավորելով նաեւ սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները՝ կստացվի 750 կմ ճանապարհ: «Կառավարության կողմից նախանշվող ծրագրերը բերում են նրան, որ շինարարական ընկերությունները բավական լավ սկսում են իրենց հզորություններն ու կարողությունները մեծացնել: Օրինակ՝ Տաթեւ-Լծեն ճանապարհն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն ավարտվել են: Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է: Մենք լեռնային բարդ պայմաններում 20 կմ ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում»,- ասել է Գնել Սանոսյանը:
Անդրադառնալով թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հետեւողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Կառավարության ղեկավարն իրավապահ մարմիններին հորդորել է հետեւողական լինել եւ ուսումնասիրել նմանատիպ բոլոր հրապարակումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: