Ռուսաստանում նոր կանոններ կգործեն աշխատանքային միգրանտների համար

29.12.2021 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #միգրանտներ #մատնահետք
Աշխատանքային միգրանտները և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր առանց վիզայի մուտք են գործում Ռուսաստան երկար մնալու նպատակով, այսուհետ պետք է անցնեն պարտադիր դակտիլոսկոպիա (մատնահետքի հանձնում - խմբ․), բժշկական զննում, ինչպես նաեւ լուսանկարահանվեն։

Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 29-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։

«Օրենքի նորմերին համապատասխան՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից հետո ՌԴ մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները ենթակա են պետական պարտադիր դակտիլոսկոպիկ գրանցման, լուսանկարահանման, ինչպես նաև բժշկական զննության և օրինական հիմքով Ռուսաստանի տարածքում գտնվելու համար պարտավոր են ունենալ այդ մասին հիմնավորող փաստաթղթեր»,- հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։

Աշխատանքային միգրանտները պետք է անցնեն այդ ընթացակարգերը Ռուսաստան մուտք գործելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նմանատիպ սխեմա է նախատեսված արտոնագրի համար դիմելիս կամ աշխատանքի թույլտվություն ստանալիս։ Բացի այդ, աշխատանքային միգրանտներից պահանջվում է 30 օրվա ընթացքում բժշկական հաստատություններում անցնել հետազոտություն՝ հաստատելով ՄԻԱՎ վարակի, այլ անձանց համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև թմրամոլության բացակայությունը։

Օտարերկրացիները, ովքեր երկիր են ժամանել առանց աշխատանք գտնելու նպատակի՝ օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օրից ավել ժամկետով, ենթակա են պարտադիր պետական դակտիլոսկոպիկ գրանցման և լուսանկարահանման՝ մուտքի օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում:

Դակտիլոսկոպիայի և լուսանկարահանման ենթարկված միգրանտներին կտրվի փաստաթուղթ պլաստիկ քարտի տեսքով՝ տեղեկատվության էլեկտրոնային կրիչով կամ առանց դրա։ Անհպում ինտերֆեյսով միկրոսխեմայի տեսքով տեղեկատվության էլեկտրոնային կրիչը կպարունակի տվյալներ օտարերկրյա քաղաքացու մասին, ում տրվել է փաստաթուղթը: Բացի այդ, չիպը կպարունակի ցուցամատների մատնահետքերի էլեկտրոնային պատկերը։

Այս կանոնները չեն տարածվում Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների, ինչպես նաև Ռուսաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական կառույցների վարչական և տեխնիկական անձնակազմի ղեկավարների ու անդամների վրա:  

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների աշխատակիցների համար շարունակում են գործել ՌԴ-ում իրավական կարգավիճակի բոլոր նախապատվությունները։ Սակայն ՌԴ-ում 30 օրից ավել մնալու դեպքում ԵԱՏՄ քաղաքացիները նույնպես պարտավոր են անցնել միանվագ դակտիլոսկոպիկ գրանցում և լուսանկարահանվել»,- ավելացրել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։
Դիտում՝ 5565
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW