Հայաստանի բանկերի միությունը միանում է «100 տուն Արցախում» ծրագրին

28.12.2021 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #«100 տուն Արցախում» #Գեւորգ Մաչանյան
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Գեւորգ Մաչանյանը եւ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հյուրընկալել են «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանին եւ համահիմնադիր Մանե Թանդիլյանին:

Հանդիպման առիթը ՀՀ բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, մասնակցությունն է հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի տարբր շրջաններից տեղահանված եւ տունը կորցրած մեր հայրենակիցներին:

ՀՀ առեւտրային բանկերի աջակցությամբ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարեւանությամբ հիմնվող բնակավայրում բազմազավակ եւս մեկ ընտանիք կունենա սեփական տունը:

ՀԲՄ նախագահ Գեւորգ Մաչանյանի խոսքով՝ Արցախի վերականգնման եւ հետագա զարգացման հարցում կարեւոր է յուրաքանչյուրի սրտացավությունն ու կատարված աշխատանքը:

«Տարին ավարտում ենք բարի գործով եւ այն մտքով, որ արդեն հաջորդ տարի արցախցի եւս մեկ բազմազավակ ընտանիք Ամանորը կդիմավորի սեփական հարկի տակ: Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին՝ մենք մեր լուման ենք ցանկանում ներդնել Արցախի վերականգնման ու հզորացման գործում»,- իր խոսքում ընդգծել է Գեւորգ Մաչանյանը:

«Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ այս նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով   ապահովել պատերազմի հետեւանքով տեղահանված, տունը կորցրած արցախցիներին:

«Հայաստանի բանկերի միության աջակցությունն այս նախաձեռնությանը մենք կարեւորում ենք ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Այս քայլը նաեւ խոսում է մեր նախաձեռնած գործի հանդեպ ունեցած վստահության եւ Արցախի շենացման հարցում ամուր հավատի մասին»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը:

Ընդգծելով Արցախի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին մասնակցության կարեւորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է միության պատրաստակամությունը ծրագրի շրջանակում հիմնադրամի հետ համագործակցության վերաբերյալ:

«Ամանորի նախաշեմին բանկերի կողմից կայացվեց որոշում միանալ այս նախագծին եւ հոգալ մեկ առանձնատան կառուցման ծախսերը՝ արցախցի մեկ բազմազավակ ընտանիքի նվիրելով սեփական տուն»,- ընդգծել է Սեյրան Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար՝ «Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մանե Թանդիլյանը հույս է հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար:
Դիտում՝ 2123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW