NASA-ն տիեզերք է ուղարկել ամենաթանկ եւ հզոր աստղադիտակը՝ James Webb-ը, հաղորդում է Deutsche Welle-ն (DW)։James Webb աստղադիտակը մեկնել է տիեզերք դեկտեմբերի 25-ին Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից: «Դրա շնորհիվ մեզ կհաջողվի տեսնել Տիեզերքի տեսանելի մասի եզրը՝ 13,5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա»,- DW-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) գիտնական Էնթոնի Մարսթոնը, ով ներգրավված է նախագծում։ NASA-ի երկրորդ ղեկավարի անունը ստացած այս աստղադիտակն ամենաթանկն է պատմության մեջ: Նախագծի վրա, որը մեկնարկել է 1980-ականների վերջին եւ բազմիցս երկարաձգվել է, ընդհանուր առմամբ ծախսել է մոտ $10 միլիարդ: NASA-ի հետ համատեղ աստղադիտակի մշակման վրա աշխատել են ESA-ն եւ Կանադայի տիեզերական գործակալությունը (CSA)։Չափերով եւ տեխնիկական հագեցվածությամբ James Webb-ը շատ անգամ գերազանցում է իր նախորդին՝ Hubble աստղադիտակին։ Այն թույլ կտա հետազոտողներին տեսնել Տիեզերքի հեռավոր անցյալը, առաջին գալակտիկաների եւ աստղերի ձեւավորումը: James Webb-ի առավելություններից մեկը ինֆրակարմիր տիրույթում աշխատելու ունակությունն է, DW-ին ասել է Էնթոնի Մարսթոնը։ Սա ավելի շատ հնարավորություններ կտա հեռավոր գալակտիկաների ուսումնասիրության համար:Աստղադիտակն իր թիրախային ուղեծիր կմտնի մոտ չորս շաբաթից, այն Երկիր մոլորակից գտնվում է 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Սպասվում է, որ James Webb-ից առաջին տվյալներն ու լուսանկարները կհայտնվեն 2022 թվականի ամռանը։ Աստղադիտակի խնդիրների թվում է ջրային պաշարներով կյանքի համար պիտանի մոլորակների որոնումը։ Tweet Դիտում՝ 3864