Մոսկվան հերքել է ԵՄ-ի կողմից €290 մլրդ պահանջի մասին տեղեկատվությունը

27.12.2021 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #ԵՄ #ԱՀԿ
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը դեկտեմբերի 26-ի ուշ երեկոյան հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի նկատմամբ €290 միլիարդ վճարելու պահանջ է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այն տեղեկատվությունը, որ ԵՄ-ն վեճի շրջանակում «Ռուսաստանից պահանջում է €290 միլիարդ» հավաստի չէ։ ԵՄ պահանջները վերաբերում են Ռուսաստանի Դաշնության այն առանձին միջոցների վերացմանը կամ փոփոխությանը, որոնք ԵՄ-ն համարում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնների խախտում: ԵՄ-ն ռուսաստանյան գնումների շուկան է գնահատում €290 միլիարդ, այլ ոչ թե ԵՄ-ին պատճառած վնասը»,- նշել են ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունում՝ հավելելով, որ ԱՀԿ-ի կանոններն ինքնին չեն ենթադրում փոխհատուցում վճարելու հնարավորություն։

Դեկտեմբերի 26-ին մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ԵՄ-ն բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ Ռուսաստանից պահանջելով €290 միլիարդ՝ կապված ներմուծման փոխարինման քաղաքականության վարման հետ։

Նշվում էր, որ «2019 թվականին ռուսաստանյան պետական ձեռնարկությունների հրապարակած տենդերների արժեքը կազմել է 23․5 տրլն ռուբլի կամ մոտ €290 միլիարդ, ինչը համարժեք է Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 20%-ին»։

Բերվում էր նաեւ ԵՄ-ի դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանը մի քանի տարի շարունակ միջոցներ է մշակում, որոնք լրջորեն խախտում են ԵՄ ընկերությունների շահերը՝ առեւտրային գնումների միջոցով ռուսաստանյան պետական ընկերություններին եւ այլ կազմակերպություններին ապրանքներ եւ ծառայություններ վաճառելիս։

RBC-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի վերջին ԱՀԿ անդամներն ուսումնասիրել են վեճը լուծելու նպատակով հանձնաժողով ստեղծելու ԵՄ դիմումը, սակայն ռուսաստանյան կողմը չի աջակցել դրան։ «Ռուսաստանը հայտարարել է, որ վստահ է, որ իր միջոցները համահունչ են ԱՀԿ-ում ստանձնած պարտավորություններին, եւ պատրաստ է ու ցանկանում է շարունակել Բրյուսելի հետ այդ հարցի շուրջ խորհրդակցությունները»,- պարզաբանել էին կազմակերպությունում։

Ըստ պարբերականի՝ դեկտեմբերի 20-ին ԵՄ-ն հանձնաժողով ստեղծելու երկրորդ դիմումն է ներկայացրել։ Արդյունքում՝ ԱՀԿ-ի վեճերը լուծող մարմինը (DSB) հանձնաժողով ստեղծելու համաձայնություն է տվել: Նախատեսվում է, որ քննությանը կմասնակցեն նաեւ Ավստրալիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Կանադան, Չինաստանը, Ճապոնիան, Ուկրաինան եւ այլ երկրներ։

Միաժամանակ, դեկտեմբերի 22-ին ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը մեղադրել էր Ռուսաստանին ԱՀԿ ներմուծման փոխարինման կանոնները խախտելու մեջ: Նրա խոսքով, Ռուսաստանը նախապատվություն է տալիս սեփական արտադրության ապրանքներին եւ ծառայություններին, ներմուծման փոխարինման ծրագիր է իրականացնում ՏՏ ոլորտում, ինչպես նաեւ պահպանում է ներմուծման սահմանափակումներ գյուղատնտեսության եւ գիտության հետ կապ չունեցող ոլորտներում։ Դա ամերիկացի ձեռներեցներին դնում է տնտեսապես անբարենպաստ վիճակում եւ զրկում նրանց ազնիվ մրցակցությունից, ասել էր Թայը:

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «նույնիսկ եթե ինչ-որ մեկը խախտել է ԱՀԿ կանոնները, ապա դա ԱՄՆ-ն է ու Եվրամիությունը՝ իրենց միակողմանի պատժամիջոցներով»։

Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ստիպված է եղել ներմուծման փոխարինում մտցնել հենց այն սահմանափակումների պատճառով, որոնք Եվրամիությունը ընդունել է «ԱՄՆ-ի ճնշման ներքո»։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես ասել է, որ Ռուսաստանը ոչինչ չի խախտում։

«Ռոստեխ» պետական կորպորացիայում RBC-ին ասել են, որ ԱՀԿ կանոնների իրական խախտումը արեւմտյան պատժամիջոցներն են, որոնց օգնությամբ արեւմտյան իշխանություններն արդեն բազմիցս ցույց են տվել, որ պատրաստ են ցանկացած պահի եւ ցանկացած պատրվակով դադարեցնել ցանկացած ապրանքի մատակարարումը Ռուսաստան։
Դիտում՝ 4290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW