ԱՄՀ-ն Հայաստանին շուրջ $72 մլն ներգրավելու հնարավորություն է տվել

21.12.2021 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Հայաստան #Բո Լի
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է «Պահուստային ծրագրի» (SBA) օժանդակությամբ Հայաստանի կողմից իր տնտեսական ծրագրի կատարման չորրորդ եւ հինգերորդ ամփոփիչ ստուգումները։

Դրանց ավարտն իշխանություններին շուրջ 72 միլիոն ԱՄՆ դոլար ներգրավելու հնարավորություն է տալիս՝ ընդհանուր մասհանումները հասցնելով շուրջ 396 միլիոն ԱՄՆ դոլարի։ Հայաստանի՝ շուրջ 432 միլիոն ԱՄՆ դոլարի եռամյա «Պահուստային ծրագիրը», որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 239.75%-ին, ԱՄՀ խորհրդի կողմից հաստատվել է 2019թ․ մայիսի 17-ին եւ ընդլայնվել 2020թ․ մայիսի 18-ին։

«ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը՝ 2020թ․ իրական ՀՆԱ-ի 7.4%-ի կրճատմամբ, եւ իշխանությունները պատշաճ արձագանքել են տնտեսական աջակցության միջոցառումներով։

Այժմ տնտեսությունը վերականգնման ընթացքում է, ընդ որում 2021թ․ կանխատեսվում է շուրջ 5,5%-ի աճ։ Դրամավարկային քաղաքականությունը խստացվել է ընդդեմ բարձրացող գնաճի, որը մինչ 2021թ․ վերջը սպասվում է, որ վերջին բարձր մակարդակից որոշ չափով կնվազի։

Կառավարության 2021-2026թթ․ տնտեսական ծրագիրը հետամուտ է արտահանմանը կողմնորոշված եւ ներդրումներով առաջնորդվող աճի մոդելի առաջ մղմանը՝ լայնահենք բարեփոխման ջանքերի միջոցով։ Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը Հայաստանին կօգնի իր մարտահրավերներին, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներին, դիմակայելու հարցում՝ միաժամանակ առաջ շարժվելով ըստ իր բարեփոխումների օրակարգի։ Ապագայի տնտեսական հեռանկարն ընդհանուր առմամբ դրական է, ընդ որում կանխատեսվում է շուրջ 4,5-5%-ի միջնաժամկետ աճ՝ պայմանավորված ՔՈՎԻԴ-19-ի զարգացումներով, արտաքին պահանջարկով եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացման առաջընթացով։

Գործադիր խորհուրդը զուտ միջազգային պահուստների՝ 2021թ․ հունիսի վերջին քանակական կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն է արել՝ հիմնվելով իշխանությունների ձեռնարկած շտկման գործողությունների վրա»,-ասված է ԱՄՀ հաղորդագրության մեջ։

Գործադիր խորհրդի քննարկումից հետո, կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահի պաշտոնակատար Բո Լին հետեւյալ հայտարարությունն է արել․

«2020թ․ խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը սկսել է վերականգնվել՝ չնայած շարունակվող մարտահրավերներին։ Այնուամենայնիվ, բարձր անորոշությունը պահպանվում է, այդ թվում՝ համաշխարհային ֆինանսատնտեսական պայմանների եւ ՔՈՎԻԴ-19-ի հետագծի շուրջ, եւ շարունակում է կարեւորվել հասցեական քաղաքականության օժանդակությունից հրաժարվելու եւ միջնաժամկետ բուֆերների վերաստեղծման միջեւ պատշաճ հավասարակշռության ապահովումը՝ մինչեւ վերականգնման ամուր արմատավորումը։ ԱՄՀ «Պահուստային ծրագրի» օժանդակությամբ իր ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականը շարունակում է ընդհանուր առմամբ բավարար լինել։

Կառավարության 2021-2026թթ․ բարեփոխումների ծրագիրը ապագա բարգավաճման եւ ներառականության հիմնական շրջանակն է ապահովում։ Բիզնես միջավայրի բարելավման ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելության մեծացումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար տարածքի ստեղծումը եւ կլիմայական փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության քաղաքականությունը կարող են օժանդակել տեւական եւ ներառական ավելի բարձր աճի։ Այս առումով, անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր՝ բարեփոխումների հիմնավոր եւ ժամանակին իրականացմանն աջակցելու համար, ընդ որում դրա ծախսային գնահատականները միջնաժամկետ ծախսերի ծրագրում լավ ինտեգրելով։

Միջնաժամկետ պարտքի կայունության հանձնառությունը եւ ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերստին ստեղծման ջանքերը խարսխված են վստահելի միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի վրա եւ հիմնավորված աճի համար նպաստավոր հարկաբյուջետային կոնսոլիդացմամբ։ Ապագա կայուն աճի համար վճռորոշ է նաեւ որակյալ հանրային ներդրումների առաջնահերթության սահմանումը՝ միաժամանակ բարելավելով դրանց կատարումը։

Բարձրացող գնաճին դրամավարկային արձագանքը պատշաճ է եղել, եւ քաղաքականության շուրջ հաղորդակցության բարելավման հետ միասին, օգնել է խարսխել գնաճային սպասումները։ ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) անհրաժեշտ է, որ շարունակի հիմնարարների (ֆունդամենտալների) եւ շուկայի զարգացումների մշտադիտարկումը, պատրաստ լինելով ըստ անհրաժեշտության իր դիրքի ճշգրտմանը, գնաճի վերադարձն իր թիրախին ապահովելու համար։ Փոխարժեքի ճկունությունը քաղաքականության կարեւոր բուֆեր է՝ Հայաստանին տալով արտաքին ցնցումները կլանելու հնարավորություն։

Ֆինանսական հատվածի բարեփոխումներով անհրաժեշտ է ապահովել ոլորտի օժանդակությունը վերականգնմանը եւ երկարաժամկետ աճին։ Վերահսկողական գործիքակազմի ուժեղացման համար իրականացված մակրոպրուդենցիալ միջոցառումները եւ ՀՀ ԿԲ ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ծրագրի կատարելագործումը ֆինանսական հատվածի դիմադրողականությունն ավելի կբարձրացնեն եւ իր դերը կատարելու հնարավորություն կտան։ Կապիտալի շուկայի զարգացման գործողությունների կատարելագործված ծրագիրը պետք է խթանի շուկայի՝ ապագա ներքին ներդրումները ֆինանսավորելու ընդլայնված դերը»։
Դիտում՝ 4386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW