Մայներներն արդյունահանել են բիթքոինի ամբողջ առաջարկի 90%-ը․ ինչ կլինի հետո

20.12.2021 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիթքոին #մայնինգ #Մայքլ Ջերլիս
Այս տարվա դեկտեմբերի 13-ին բիթքոինի (BTC) ցանցում արդյունահանվել է № 714 000 բլոկը, ինչը նշանակում է, որ մայներներն արդյունահանել են 18,9 միլիոն BTC:

Հաշվի առնելով, որ առաջին կրիպտոարժույթի թողարկումը սահմանափակված է 21 միլիոնով, մայներներին մնացել է արդյունահանել 2,1 միլիոն BTC (10%): Ե՞րբ են արդյունահանվելու մնացած բիթքոինները եւ ի՞նչ է կատարվում այժմ մայնինգի շուկայում: Այս հարցերի պատասխանները ներկայացված են RBC-ի նյութում։

Վերջին բիթքոինը կարդյունահանվի 2140 թվականի հոկտեմբերի 8-ին, պնդում է EMCD-ի գլխավոր տնօրեն Մայքլ Ջերլիսը: Նրա խոսքով՝ այն ժամանակը, որի ընթացքում կարդյունահանվի բիթքոինների մնացած 10%-ը, հեշտ է հաշվարկել, քանի որ Proof-of-Work (PoW) ալգորիթմի տրամաբանությունը ներառում է բարդության ավելացում երկու շաբաթը մեկ եւ հալվինգ, որը տեղի է ունենում մոտավորապես չորս տարին մեկ անգամ:

Ցանցի բարդությունը որոշում է բիթքոինի բլոկչեյնում նոր բլոկ գտնելու համար անհրաժեշտ հաշվիչ հզորությունների ծավալը: Այս պարամետրը փոխվում է յուրաքանչյուր 2016 բլոկերի կամ մոտավորապես երկու շաբաթը մեկ անգամ:

Հալվինգը ստացված բլոկի համար պարգեւի կրկնակի կրճատում է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ: Սկզբում մայներները ստանում էին 50 բիթքոին, 2012 թվականին այդ գումարը իջավ մինչեւ 25, իսկ 2016 թվականին՝ 12,5 բիթքոին: 2020 թվականի մայիսի 11-ին այն սահմանվեց 6,25 բիթքոին: Հալվինգը տեղի է ունենում յուրաքանչյուր 210 հազար արդյունահանված բլոկից հետո: Ակնկալվում է, որ հաջորդ հալվինգը տեղի կունենա 2024 թվականին։

«Բլոկերի գեներացիայի արագությունը կնվազի, մինչդեռ մայնինգի բարդությունը, ընդհակառակը՝ կաճի։ Սա նշանակում է, որ ապագայում մեկ բիթքոինը ստիպված կլինեն արդյունահանել մի քանի տարի»,- նշել է փորձագետը։

Նույնիսկ վերջին բիթքոինների արդյունահանումից հետո մայնինգը կշարունակի գոյություն ունենալ որպես ոլորտ, քանի որ մայներներն անհրաժեշտ են կրիպտոարժույթների ցանցը սպասարկելու համար, ասել է Ջերլիսը: Նա հավելել է, որ արդեն այսօր բիթքոինների ցանցում նկատվում է միջնորդավճարների ավելացման միտում, որոնք տատանվում են 0,25-ից մինչեւ 3 BTC մեկ բլոկի համար։

BitCluster-ի համահիմնադիր Սերգեյ Արեստովը եւս կանխատեսել է, որ բիթքոինի մայնինգը կավարտվի 2140 թվականին։
Դիտում՝ 4581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW