Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ-ում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացումը

10.12.2021 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ #եվրասիական ինտեգրացիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին ժամանակ ասել է, որ «միության առաջիկա 5 տարիների զարգացման ռազմավարության ընդունումից մեկ տարի անց կարելի է խոսել շատ հուսադրող միջանկյալ արդյունքների մասին»։

Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը և ԵԱՏՄ-ում փոխգործակցության հիմնական չափանիշներից մեկը պետք է լինի միության ներքին շուկայի զարգացումը։

«Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարեւոր է հումքի համաշխարհային գների տատանումների եւ համաշխարհային ճգնաժամային երեւույթների սրման համատեքստում։

Մենք նաեւ պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի շրջանակում առեւտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը: Աշխարհում առկա գնաճային երեւույթներն ու գների աճը եւս մեկ անգամ հաստատում են այդ անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրվածության վրա. «Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս համագործակցության հետագա խորացման ներուժի եւ հեռանկարների առկայությունը։ Եվ չնայած նոյեմբերի սկզբին Երեւանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում մի շարք հարցերի շուրջ փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, միջանկյալ համաձայնագրի երկարաձգումն այս ժամկետով միանգամայն արդարացված է»:

Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձեւավորելիս։

«Բնականաբար, թվային օրակարգի իրականացումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է ուղղված լինի արդյունքների հասնելուն: Հենց այս համատեքստում ենք դիտարկում բեռնափոխադրումներին հետեւելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների օգտագործման հարցը։ Սա էապես կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկման գործընթացն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ընթացքում»,- ասել է նա։
Դիտում՝ 1913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW