ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու եւ հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար եւ ներկայացուցիչ Ելենա Միլոշեւիչն այցելել են Լոռի եւ Տավուշ մարզերի մի շարք համայնքներ՝ դպրոցներում ներդրված գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։ Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշեւիչը եղել են նաեւ Շահումյանի եւ Դարպասի միջնակարգ դպրոցներում, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի եւ բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։«Սա կարեւոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու եւ հատապտղային այգիների ստեղծումը։ Այն նաեւ ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները»,- ասել է Արման Խոջոյանը։ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ այլ գործընկերների հետ համատեղ, ուսումնասիրում է «Դպրոցական սնունդ» ծրագրի եւ «Պարենային արժեշղթաների» նախագծի տրանսֆորմատիվ բաղադրիչին լրացուցիչ կառուցվածքային մոտեցում տրամադրելու հնարավորությունները։ «Այս երկուսի միջեւ կարեւորագույն կապը ենթակառուցվածքներում ներդրումներն են, որոնք ծառայում են թարմ եւ առողջարար սննդով ապահովմանը, միաժամանակ երեխաներին, նրանց ծնողներին եւ համայնքներին կրթելով ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են Հայաստանում մաքուր, կանաչ եւ ինտենսիվ գյուղատնտեսության համար»,- ասել է Ելենա Միլոշեւիչը։ Նա նաեւ նշել է, որ ծրագիրը կմոտիվացնի աշակերտներին ագրոբիզնեսում հնարավոր կարիերա սկսելու համար եւ դրական ազդեցություն կունենա կարեւոր տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա։ Tweet Դիտում՝ 3456