Գրանթ Թորնթոն Հայաստանը եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, ընդլայնելով երկու կազմակերպությունների միջեւ երկարամյա համագործակցության շրջանակները, կնքել են հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի դերի եւ արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ խթանել ՄՌ համայնքի համագործակցությունը եւ արդյունավետ հաղորդակցությունը:Գործընկերային այս ձեւաչափով նախատեսվող ծրագրերի շարքում Գրանթ Թորնթոնը եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ առաջին անգամ Հայաստանում ուսանողների շրջանում իրականացնելով գործատուների վարկանիշավորման ծրագիր: «հայrate» անվանումը կրող այս նախագծի նպատակն է հատուկ կարեւորության արժանացնել գործատուի վարկանիշը: Հաշվի առնելով Հայաստանի աշխատաշուկայի փոփոխվող միջավայրը, ինչպես նաեւ բարձր մրցակցությունը երիտասարդ տաղանդների ներգրավման եւ պահպանման ոլորտներում՝ գործատուները առանձնահատուկ շեշտադրում են անում իրենց բրենդի, հանրության շրջանում դրա ընկալման եւ գրավչության խնդիրների վրա: «հայrate»-ը հնարավորություն է ընձեռում բացահայտել որքանով հասցեական են այս ուղղությամբ գործատուների ռազմավարություններն ու ծրագրերը ուսանողների շրջանում: «Ուսանողների շրջանում ամենագրավիչ գործատուի բացահայտման մեր մտահաղացմամբ կիսվեցինք Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հետ, եւ ուրախ եմ, որ մեր կազմակերպությունները միանգամից միավորվեցին այս եւ այլ նախաձեռնությունների կյանքի կոչման նպատակով: Տաղանդների համար գործատուների միջեւ մշտական մրցակցության ու տեղեկատվության տեղատարափի պայմաններում, գործատուները հաճախ հնարավորություն չունեն չափելի դարձնել իրենց բրենդի ընկալումը:Հանդես գալով «հայrate» նախաձեռնությամբ՝ մենք նաեւ օժանդակում ենք ծրագրի իրականացմանը եւ ապահովում միջազգային լավագույն փորձի կիրառումը: Մեր ներդրմամբ, առաջին հերթին, ցանկանում ենք խրախուսել գործատուներին ուշադրություն դարձնել ոչ միայն կազմակերպության իմիջին, առհասարակ, այլ հատկապես երիտասարդների շրջանում որպես գրավիչ գործատու իրենց ընկալմանը եւ այս ուղղությամբ իրապես գործուն քայլեր ձեռնարկման անհրաժեշտությանը: Հուսանք, որ «հայrate»-ը երկար ճանապարհ է անցնելու՝ իր շուրջ միավորելով բազմաթիվ կազմակերպությունների եւ դառնալով հայաստանյան աշխատաշուկայի ամենահեղինակավոր ցուցիչներից մեկը»,- նշել է Գրանթ Թորնթոն Քնսալթինգի տնօրեն Գուրգեն Հակոբյանը: «Գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարեւոր դեր է խաղում ընկերությանն անհրաժեշտ տաղանդների ներգրավման, ինչպես նաեւ աշխատաշուկայում բարձր կարգավիճակ զբաղեցնելու հարցում: «հայrate» նախաձեռնությունը կոչված է հենց այս խնդիրների շեշտադրմանը, ինչպես նաեւ մեր աշխատաշուկայում իրենց հաջողված ծրագրերի ու քաղաքականության արդյունքում իսկապես գրավիչ դարձած գործատուների ճանաչմանն ու գնահատմանը: Գործատուների ճիշտ եւ գրագետ բրենդավորման հիմնախնդիրը մշտապես եղել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի տեսադաշտում, ուստի ոգեւորությամբ ողջունեցինք Գրանթ Թորնթոնի՝ համատեղ նախագծով հանդես գալու առաջարկությունը: Հույս ունենք, որ «հայrate»-ը տարեցտարի ընդլայնելու է իր շրջանակները՝ միավորելով ուսանողներին ու գործատուներին, բացահայտելով ամենից գրավիչներին ու խրախուսելով մյուսներին հետեւել նրանց օրինակին: Լավագույն տաղանդների ներգրավման ուղղությամբ գործատուների ջանքերը իրապես կարեւոր են ոչ միայն այդ նպատակին հասնելու, այլեւ մեր աշխատաշուկայում որակական նոր փոփոխության, նոր մշակույթի կայացման տեսանկյունից»,- իր հերթին ասել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար բուհերի ուսանողներ, ովքեր մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել իրենց կարծիքը հայտնել շուկայում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների վերաբերյալ: Հարցման արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին կայանալիք «հայrate» ծրագրի միջոցառման շրջանակներում: Tweet Դիտում՝ 4782