Թվային արժույթներով ռուսաստանցիների գործարքների ծավալը տարեկան կազմում է մոտ $5 միլիարդ, սակայն թվային արժույթների և ֆինանսական հատվածի միջեւ փոխկապակցվածությունը մնում է սահմանափակ:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) «Ֆինանսական կայունության զեկույցում»։«Հաշվի առնելով տարբեր միջազգային անկախ վերլուծական ընկերությունների կողմից վերջին տարիներին թվային արժույթների ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները՝ կարելի է ենթադրել, որ ռուսաստանցի օգտատերերը թվային արժույթների շուկայի ամենաակտիվ մասնակիցներից են։ Ռուսաստանի Բանկի կողմից 2021 թվականի հուլիսին հարցված խոշոր բանկերի գնահատականների համաձայն՝ թվային արժույթներով Ռուսաստանի բնակչության գործարքների ծավալը տարեկան կազմում է շուրջ $5 միլիարդ (մոտ 350 միլիարդ ռուբլի)»,- ասված է զեկույցում։Ռուսաստանի Բանկը նշում է, որ, ընդհանուր առմամբ, այս պահին թվային արժույթների և ֆինանսական հատվածի միջեւ փոխկապակցվածությունը մնում է սահմանափակ, թվային արժույթների շուկայից հիմնական ֆինանսական շուկաներ վարակիչ ազդեցության տեղափոխելու հավանականությունը ցածր է:«Սակայն թվային արժույթների արագ աճը և լայն տարածումը գնալով ավելի մեծ ռիսկեր են ստեղծում ինչպես համաշխարհային մակարդակում, այնպես էլ ռուսաստանյան ֆինանսական շուկայի համար։ Անհրաժեշտ է զարգացնել շուկայի մոնիտորինգը՝ բացահայտելու միտումները, որոնք պոտենցիալ ռիսկեր են ստեղծում ֆինանսական կայունության համար»,- նշում է կարգավորիչը։ՌԴ Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ թվային արժույթներով գործարքները զգալի ռիսկեր են պարունակում ֆինանսական կայունության և ներդրողների համար, ինչպես նաև կլիմայական ռիսկեր՝ էներգիայի սպառման ավելացման պատճառով: Այսպես, զեկույցում նշվում է, որ թվային արժույթները, իրենց անանուն բնույթի պատճառով, զանգվածաբար օգտագործվում են հանցավոր գործունեության մեջ (փողերի լվացում, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլն)՝ նվազեցնելով աշխարհում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներկայիս համակարգի արդյունավետությունը։ Tweet Դիտում՝ 2803