ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 400 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին։«Դեռ հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ այս ուղղությամբ կհատկացնի առնվազն 1 մլրդ դրամ գումար։ Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափն այս հատկացումով դառնում է 1․1 մլրդ։ Տարբեր գերատեսչություններ այս ընթացքում Սյունիքում չնախատեսված աշխատանքներ արել են, բայց, երբեմն, գերատեսչությունները դժվարություններ են ունենում ընթացակարգերի, գնման պրոցեսների եւ այլնի հետ կապված։ Այս մեթոդով մենք կարողանում ենք ավելի հրատապ հարցեր լուծել»,- կառավարության նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը հիշեցրել է, որ ապրիլ ամսին նույն նպատակների համար հատկացվել է 500 մլն դրամ, սեպտեմբերին՝ եւս 200 մլն։ Տրամադրված գումարներից գնվել են միջհամայնքային ուղեւորափոխադրման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ, կառուցվել է խմելու ջրագիծ, տրամադրվող նոր գումարով կլուծվեն նաեւ բնակչության եւ համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրները: Tweet Դիտում՝ 2602