ՀՀ կառավարությունը եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) այսօր Երեւանում ստորագրել են Հայաստանում 2022-2026թթ. ներառական եւ կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջեւ կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում եւ համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաեւ Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։«Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին եւ կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման եւ նորարարությունների եւ տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն նշել է, որ «ԵԾՓ-ն իր կայուն ներդրումն ունի կառավարության նախաձեռնություններում՝ ուղղված կայուն տնտեսական վերափոխմանը, արդյունաբերության դիվերսիֆիկացմանը եւ թվայնացմանը՝ հիմնված նորարարությունների եւ տեխնոլոգիաների փոխանցման վրա»: Նա նաեւ ավելացրել է, որ «Ռեսուրսների մոբիլիզացիայի, իրականացման, մոնիտորինգի, հաղորդակցության եւ այլ կարեւոր գործընթացներում կառավարության խիստ ղեկավար դերն առանցքային է նախատեսված արդյունքներին հասնելու համար»։Հնգամյա ծրագիրը սահմանում է ՄԱԱԶԿ-ի եւ Հայաստանի միջեւ ընդլայնված համագործակցության ամբողջական ռազմավարությունը: ԵԾՓ-ի հիմքում հետեւյալ երեք թեմատիկ բաղադրիչներն են. արդյունաբերական մրցունակություն եւ շուկաների հասանելիություն նորարարության եւ թվայնացման միջոցով, կայուն ագրոբիզնես եւ աջակցություն ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա եւ շրջակա միջավայրի կայուն կառավարում։ Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությունը եւ ՄԱԱԶԿ-ը կայուն եւ համապարփակ արդյունաբերական զարգացման տարբեր ոլորտներում տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով քսան տարվա արդյունավետ համագործակցության փորձ ունեն։Երկու կողմերի համատեղ ձեռքբերումների շարքում են.- ագրովերամշակման արժեշղթաների ամրապնդման միջոցով ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ Հայաստանի վեց մարզում 53 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, շահառուների թիվը՝ ավելի քան 700,- կարողությունների զարգացման միջոցով կանանց շրջանում ձեռնարկատիրության խթանումը։ Կարիքների վրա հիմնված, մասնագիտական եւ նորարարական գործիքների միջոցով ՄԱԱԶԿ-ը գյուղական եւ քաղաքային վայրերի ավելի քան 1000 բնակչի համար զբաղվածության հնարավորություններ է ստեղծել,- Հայաստանին շրջանաձեւ եւ կանաչ տնտեսության խթանմանն ուղղված ջանքերում, ՄԱԱԶԿ-ն աջակցել է վերականգնվող էներգիայի եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, այդ թվում՝ կենսագազի կայանների ստեղծման եւ արեւային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով,- COVID-19 համաճարակի բացասական ազդեցություններին դիմակայելու նպատակով, ՄԱԱԶԿ-ն աջակցել է կարի արտադրությամբ զբաղվող հայկական տեղական ընկերություններին 2,623 հավաքածու անկողնային պարագաներ եւ 2,000 բժշկական համազգեստ արտադրելու հարցում։«ԵԾՓ-ն Հայաստանի կառավարության եւ ՄԱԱԶԿ-ի միջեւ երկկողմ համագործակցության եւս մեկ կարեւոր իրադարձություն է: Հետագա մասշտաբային եւ ինտեգրման աշխատանքները կնպաստեն երկրի Կայուն զարգացման 9-րդ նպատակին հասնելու ճանապարհին շոշափելի արդյունքներ ունենալու համար։ԵԾՓ արդյունավետորեն կառավարելու համար ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից եւ այլ գործընկերներից կստեղծվի Ազգային համակարգող մարմին, որը պատասխանատու կլինի տեղում ղեկավարումը եւ քաղաքականության մասին որոշումները գործողությունների վերածելու եւ այլ համատեղ նախաձեռնությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1711