«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում բանկը 8,204,000 դրամի նվիրատվություն է տրամադրում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի, HSBC Հայաստանի եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է խթանել հակամարտության հետեւանքով տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները եւ զբաղվածությունը որակյալ կրթության, վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների եւ ձեռնարկատիրական հմտությունների բարելավման, ինչպես նաեւ ստարտափներ հիմնելու համար դրամաշնորհների տրամադրման եւ աշխատանքի տեղավորման միջոցով:Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած 17-35 տարեկան հայաստանաբնակ եւ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երիտասարդներ են: Ծրագիրն ունի հիմնական երեք բաղադրիչ՝ «Կյանքի հմտությունների զարգացում եւ աշխատունակության բարձրացում», «Մասնագիտական կարողությունների բարելավում» եւ «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում»։ «Կյանքի հմտությունների զարգացում եւ աշխատունակության բարձրացում»․ «Կյանքի հմտություններ» եւ «Աշխատունակություն» թեմաներով դասընթացների նպատակն է զարգացնել շահառուների անհատական կարողությունները եւ աշխատանքային հմտությունները։ «Մասնագիտական կարողությունների բարելավում»․ Երիտասարդ շահառուները կմասնակցեն մասնագիտական դասընթացների՝ բարելավելու համար իրենց զբաղվածության հնարավորությունները: Երիտասարդները, ովքեր մասնակցել են մասնագիտական ուսուցման կամ արդեն ունեն տեղական աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն, սակայն կարիք ունենգործիքակազմի եկամտաբեր գործունեություն սկսելու համար, ծրագրի միջոցով կստանան անհրաժեշտ աջակցությունը։«Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում»․ Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների համար կընտրվեն մոտիվացված եւ բիզնես մտածելակերպ ունեցող թեկնածուներ։ Ծրագիրը կաջակցի մի շարք երիտասարդների իրենց բիզնես գաղափարների մշակման գործում։ Երիտասարդները ձեռք կբերեն բիզնես վարելու հմտություններ, նրանց կսովորեցնեն եւ կխրախուսեն ստեղծել նորարարական բիզնես մոդելներ եւ նախագծեր մենթորների աջակցությամբ: Ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված առնվազն 10 կենսունակ փոքր բիզնեսներ կստանան նախնական կապիտալ՝ մեկնարկային ծախսերը հոգալու համար (բիզնեսի գրանցում, անհրաժեշտ սարքավորումների եւ հումքի ձեռքբերում եւ այլն)։Վերը նշված դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։ Tweet Դիտում՝ 5873