ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանն այսօր հայտնել է, որ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների համար ստեղծվելու է առավել բարենպաստ հարկման ընթացակարգ՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցումը խթանելու նպատակով։ Մասնավորապես, որոշ էլեկտրոնային ծառայությունների դեպքում նախատեսվում է գործող ավելացված արժեքի հարկի 20% դրույքաչափի փոխարեն կիրառել 0% դրույքաչափ՝ հաշվի առնելով էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները։Նա հիշեցրել է, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային ծառայություններ մատուցող Հայաստանում գրանցված ԱԱՀ վճարողներին եւ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին։ Նախագծով սահմանված է նաեւ, որ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց Հայաստանում մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, եւ այդ գործարքների մասով ոչ ռեզիդենտը հաշվարկելու եւ վճարելու է ԱԱՀ։ Իսկ հաշվարկի ներկայացման եւ հարկի վճարման առումով ոչ ռեզիդենտի համար հաշվետու ժամանակաշրջանն ամսվա փոխարեն նախատեսված է եռամսյակը։ «ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնի ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձեւին եւ լրացման կարգին համապատասխան, եւ նույն ժամկետում վճարի ԱԱՀ գումարները»,- տեղեկացրել է Ասանեթ Ալոյանը։ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման եւ ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը մանրամասնել է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները ՊԵԿ պաշտոնական կայքից մուտք կգործեն համապատասխան էլեկտրոնային համակարգ, որի միջոցով հարկային մարմնում կհաշվառվեն, կներկայացնեն հաշվարկ եւ կվճարեն ԱԱՀ պարզեցված ընթացակարգով, այլ ոչ թե ԱԱՀ հաշվարկի գործող ձեւով՝ խնայելով ժամանակ եւ միջոցներ։ Համակարգը լինելու է երկու լեզվով՝ անգլերեն եւ ռուսերեն։Լուսինե Այվազյանն ընդգծել է, որ լավագույն փորձի, հետեւաբար՝ հարկային պարտավորությունների կատարման հարմարավետ ու պարզ համակարգի ներդրման նպատակով կազմակերպվել են քննարկումներ էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպությունների (Google-ը, Facebook-ը, Booking.com-ը, Netflix-ը, Amazon-ը, Spotify-ը եւ այլն) ներկայացուցիչների եւ միջազգային փորձագետների հետ:ՊԵԿ ներկայացուցիչները հստակեցրել են, որ էլեկտրոնային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձն այդ գործարքների մասով ԱԱՀ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն չի կրում։ Բացի այդ՝ նախագծի դրույթները չեն վերաբերում էլեկտրոնային առեւտրին:Մինչեւ տարեվերջ սահմանված կարգով Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվելու, ստորագրվելու եւ հրապարակվելու պարագայում օրինագիծն ուժի մեջ կմտնի 2022թ․ հունվարի 1-ից։ Օրենսդրական փոփոխություններից բացի կառավարության որոշմամբ կսահմանվի էլեկտրոնային ծառայությունների ամբողջական ցանկ, որը կընդգրկի, օրինակ՝ տեղեկատվական հեռահաղորդակցման կապով գովազդային ծառայությունների մատուցումը եւ հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները: Tweet Դիտում՝ 2974