ՊԵԿ․ ԱԱՀ փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը կրճատվել է

18.10.2021 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱԱՀ #վերադարձ
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը:

Այս տարվա հուլիսի 1-ից եռամսյակի փոխարեն վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով եւ հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում առավել հաճախակի ստանալ փոխհատուցվող գումարները:



Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) նշել են, որ հարկ վճարողը ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել եւ հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները փոխանցել միասնական հաշիվ:

«Միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, տնտեսվարողն ազատ է տնօրինել միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը եւ կարող է դիմումի հիման վրա այն հետ ստանալ: Փոփոխությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվում է մեկ միասնական մոտեցում՝ ամսական վերադարձի եւ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմին. այս դեպքում եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ: Ըստ մեկ այլ փոփոխության, ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։

Ավելանում են նաեւ տնտեսվարողներին վերադարձվող գումարները: «2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցվող գումարները կազմել են 22 մլրդ 627 մլն դրամ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ: Մնացած երկու ամիսների ընթացքում 4,5 մլրդ դրամով կամ 25.2%-ով ավելի շատ փոխհատուցվող գումարներ են ուղղվել հարկ վճարողների միասնական հաշվին: Աճ է գրանցվել նաեւ պարզեցված ընթացակարգով փոխհատուցվող գումարների մասով. 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 1 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 3 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

9 ամսվա վիճակագրական տվյալներով՝ եթե 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 87 մլրդ 990 մլն դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5%:

ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործման մասին տեսանյութն՝ այստեղ։
Դիտում՝ 2424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW