Անգլիայի բանկ․ Կրիպտոարժույթների փլուզումը կհանգեցնի լայնածավալ ճգնաժամի

14.10.2021 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անգլիայի բանկ #Ջոն Քանլիֆ #կրիպտոարժույթ
Անգլիայի բանկը հնարավոր է համարում լայնածավալ ֆինանսական ճգնաժամի առաջացումը կրիպտոարժույթների շուկայի փլուզման դեպքում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է բրիտանական Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ջոն Քանլիֆը (John Canliff)՝ ելույթ ունենալով Sibos միջազգային բանկային համաժողովում։

«Նման փլուզման հավանականությունն, անշուշտ, առկա է՝ հաշվի առնելով կրիպտոարժույթների իրական արժեքի բացակայությունը եւ դրա հետ կապված գների անկայունությունը, բազմաթիվ կրիպտոակտիվների վրա պոտենցիալ ճգնաժամի տարածման հնարավորությունը, ինչպես նաեւ կիբեռխոցելիությունները եւ, իհարկե, ամբոխային վարքագծի հզոր ազդեցությունը»,- ասել է Քանլիֆը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հիփոթեքային վարկավորման շուկայի ծավալը, որի փլուզումը առաջացրեց 2007-2008թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, կազմում էր $1,2 տրլն, մինչդեռ կրիպտոակտիվների շուկայական կապիտալիզացիան այժմ հասնում է $2,3 տրիլիոնի՝ եռապատկվելով տարվա սկզբից։ Քանլիֆի փոխանցմամբ՝ սա ավելի քան բավական է «ֆինանսական անկայունություն առաջացնելու համար»։

«Երբ ֆինանսական համակարգում ինչ-որ բան շատ արագ է աճում, իսկ այդ աճը հիմնականում տեղի է ունենում չկարգավորված տարածքում, ֆինանսական կայունության ապահովման համար պատասխանատու մարմինները պետք է մեծ ուշադրություն դարձնեն զարգացումներին»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխարհում բոլոր կարգավորիչների համար կրիպտոարժութային ճգնաժամի հավանականության նվազեցումը պետք է հրատապ խնդիր դառնա:

Քանլիֆի կարծիքով՝ կրիպտոարժույթների շուկայի կարգավորումը կօգնի երաշխավորել, որ «այն ահռելի օգուտը, որն այս տեխնոլոգիան կարող է բերել ֆինանսական ոլորտին, հնարավոր կլինի կայուն ստանալ երկարաժամկետ ապագայում»:
Դիտում՝ 3725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW