Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) գործուն քայլեր է իրականացնում: Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով, արժանացել է Կառավարության հավանությանը եւ Ազգային ժողովում ընդունվել առաջին ընթերցմամբ:Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը եւ հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները: Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է քաղաքացիներին՝ հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու։Օրինակ, ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ է պատվիրել «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ «Ֆեյսբուքի» կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։ Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո, քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ «Ֆեյսբուքն» է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու եւ ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե: Մեկ այլ օրինակ. ենթադրենք քաղաքացին օգտվում է «Zoom» էլեկտրոնային հարթակով մատուցվող վճարովի որեւէ կրթական ծառայությունից: Այս դեպքում եւս ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է հաշվարկելու եւ ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե, իսկ ֆիզիկական անձը որեւէ գործողություն չի անելու: Էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, եւ կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու եւ ՀՀ պետական բյուջե վճարելու համար: ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Tweet Դիտում՝ 1961