Հայաստանյան ՓՄՁ-ները BSTDB-ի միջոցներով կամրապնդեն դիմադրողականությունը
12.10.2021 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ DICA

Վարկը DICA-ին հնարավորություն է տալիս ՓՄՁ-ներին առաջարկել կապիտալ ծախսերի եւ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում՝ ապահովելով բիզնեսի շարունակականություն հատկապես համավարակի պայմաններում եւ մեղմել վերջինիս բացասական հետեւանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից ստացած վարկը առաջին ուղղակի ֆինանսավորումն է, որը Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան ստանում է միջազգային ֆինանսական հաստատությունից:
«Ուրախ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը, այս անգամ համագործակցելով DICA-ի՝ հայկական պետական կառույցի հետ: Փոքր ձեռնարկություններին ավելի մրցունակ լինելու եւ զարգանալու համար անհրաժեշտ գործիքակազմի տրամադրումը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար: Ֆինանսավորման հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի ՓՄՁ-ների համար` համավարակի պայմաններում իրենց բիզնեսը եւ աշխատատեղերը պահպանելու համար»,- ասել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը:
«Բարձր եմ գնահատում DICA-ի առաջին համագործակցությունը Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ, հուսով եմ՝ այն կրելու է շարունակական բնույթ: BSTDB-ից ստացած միջոցները DICA-ն կուղղի փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը` համավարակի պայմաններում ապահովելով բիզնեսի աճ եւ շարունակականություն, մեղմելով դրա բացասական հետեւանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցներով հայաստանյան ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումը մշտապես DICA-ի ուշադրության կենտրոնում է»,- ասել է Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
Ներկայում ՓՄՁ ոլորտի` Հայաստանում տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի աջակցության ընդհանուր գումարը գերազանցում է 100 մլն եվրոն:
Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան (DICA) հիմնադրվել է 2009 թվականին, ունիվերսալ վարկային կազմակերպություն է, 100% բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը, ծառայում է որպես հայկական ՓՄՁ-ների եւ որոշ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման միջոց, նպաստում է ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների եւ ՀՀ մարզերի համաչափ զարգացմանը: Նպատակ ունենալով զարգացնել եւ ամրապնդել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ Կորպորացիան ՀՀ ֆինանսական շուկայում ստանձնել է առանձնահատուկ միջնորդի դեր եւ իրականացնում է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում: DICA-ն հանդիսանում է ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցներից մեկը եւ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: DICA-ի մասին տեղեկությունների համար այցելեք www.dica.am:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (BSTDB) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը ստեղծվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի կողմից: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ եւ երաշխիքներ նախագծերի եւ առեւտրի ֆինանսավորման համար՝ անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածներում: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ «A-», «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ «A2», իսկ ռուսական ACRA վարկանիշային գործակալության կողմից «A+» վարկանիշը: BSTDB-ի մասին տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: